Մուհամեդ Ալիի սիրտը շարունակել է բաբախել մահից հետո 30 րոպե շարունակ. ի՞նչ է այս մասին պատմել լեգենդար բռնցքամարտիկի դուստրը


20:30 , 2 սեպտեմբեր, 2020

Ոմանք իսկապես շատ բան գիտեն Մւոհամեդ Ալիի մասին, իսկ ոմանց էլ պարզապես թվում է, թե շատ բան գիտեն։ Վերջիններս, որպես կանոն, կրում են լեգենդի դիմանկարով նեղ շապիկներ, սակայն ոչինչ չեն հասկանում, երբ լսում են Կասիոս Քլեյ անունը, ով Մուհամեդի հայրն է եղել։ Գլխավորն, այնուամենայնիվ, այն է, որ նրա անունը չի մոռացվել ու չի մոռացվի, ինչպես նաև չեն մոռացվի արարքները, խիզախությունն ու խաղաղասիրությունը, որոնք ուներ բռնցքամարտի լեգենդը։

Մուհամեդ Ալին 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է թեթև ծանրքաշային կարգում, իսկ ծանրքաշային կարգում՝ աշխարհի բացարձակ չեմպիոն։ Լեգենդը հինգ անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին և ըստ The Ring ամսագրի՝ համրավել «Տասնամյակի բռնցքամարտիկ»։ Ալին պատմության երկրորդ բռնցքամարտիկն էր, ով Sports Illustrated ամսագրի կողմից արժանացավ «Տարվա մարզիկ» կոչմանը։ 1974 թ. մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ», իսկ կարիերայի ավարտին ընդգրկվել Բռնցքամարտի փառքի սրահում և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում։

2016 թ. հսկայական քանակությամբ մարդկանց համար հույսի փարոս դարձած բռնցքամարտիկը հեռացավ կյանքից՝ 30 տարուց ավելի Փարքինսոնի հիվանդության դեմ պայքարելուց հետո։ Անգամ հիվանդ ժամանակ նա ջանում էր ակտիվ մնալ և մասնակցել պետության քաղաքական ու սպորտային կյանքին։

Մուհամեդ Ալիի մահից որոշ ժամանակ անց բռնցքամարտիկի դուստրը՝ Հանա Ալին, պատմել է անհավանական մետամորֆոզների մասին, որոնք տեղի են ունեցել մարզիկի օրգանիզմի հետ նրա կյանքի վերջին րոպեների ընթացքում։

Համապատասխան հաղորդագրությունը Հանան հրապարակել է իր թվիթերյան էջում։ Հրապարակման մեջ նշվում է.

«Մեր սրտերը ցավում են, սակայն մենք այնքան երջանիկ ենք, քանի որ հայրիկն այժմ ազատ է։ Բոլորս փորձել ենք ուժեղ մնալ ու նրա ականջին շշնջալ. «Հիմա կարող ես գնալ։ Մեզ հետ ամեն ինչ լավ կլինի։ Մենք սիրում ենք քեզ։ Այժմ կարող ես վերադառնալ Աստծու մոտ»։ Բոլորս նրա կողքին էինք, գրկում ու համբուրում էինք նրան, իսլամական աղոթքներ կարդում։ Հայրիկի բոլոր օրգանները շարքից դուրս էին եկել, սակայն նրա սիրտը չէր դադարում բաբախել։ 30 րոպե շարունակ նրա սիրտը շարունակում էր բաբախել։ Ոչ ոք նման բան երբեք չէր տեսել։ Դանրա Հոգու ու Կամքի ուժի իրական վկայությունն էր։ Շնորհակալություն բոլորիդ սիրո ու աջակցության համար»։

Ոչ ոք չգիտի՝ գիտական տեսանկյունից որքանով է հնարավոր այն, ինչի մասին խոսել է Ալիի դուստրը, սակայն եթե հաշվի առնենք լեգենդար բռնցքամարտիկի ամրությունն ու տղամարդկությունը, ապա Հաննայի պատմությունն իսկապես կարող է ճշմարտանման թվալ։