Մտնում է նոր պարտքերի տակ. ով և ինչքան պարտք է դրել երկրի վրա


01:13 , 1 սեպտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Ժամանակին մեղադրելով նախկին իշխանություններին մեծաքանակ վարկեր վերցնելու և սերունդների վրա ծանր բեռ դնելու համար, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում արագորեն ավելացնում է Հայաստանի պետական պարտքը։ Այն ընդհուպ մոտեցել է 8 մլրդ դոլարի սահմանագծին։

Իշխանափոխությունից հետո մեր երկրի պարտքը համալրվել է 1 մլրդ 235 մլն դոլարով։

Այն դեպքում, երբ շատերը հույս ունեին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը և մարելու է պետական պարտքերը։ Հիմա տեսնում ենք, որ հակառակն է։

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը պակաս ագրեսիվ պարտքային քաղաքականություն չի իրականացնում։ Ու եթե համեմատում ենք նախկիների հետ՝ գործող իշխանության դիրքերն ամենևին էլ ավելի լավ չեն։

Այսպես. Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանի իշխանությունները վերցրել են՝ միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 125 մլն դոլարի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ 490 մլն դոլարի վարկ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1 մլրդ 235 մլն դոլարով։ Այսինքն՝ գրեթե այնքան, որքան Երկրորդ նախագահի ամբողջ պաշտոնավարման ընթացքում։

Եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում է 2 տարուց մի փոքր ավելի, ապա կստացվի, որ այդ ընթացքում մեր երկրի պետական պարտքն ավելացել է միջինը տարեկան 600 մլն դոլարով։

Իհարկե, սա շատ կոպիտ համեմատություն է, որովհետև հաշվի չի առնում բազմաթիվ գործոններ, բայց թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել մեր երկիրը ղեկավարած տարբեր պաշտոնյաների օրոք պարտքի ձևավորման տեմպի վերաբերյալ։

Անկախ նրանից, թե ժամանակին ինչպիսին է եղել Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը պետական պարտքի նկատմամբ, փաստն այն է, որ նրա գլխավորած իշխանությունը կարճ ժամանակահատվածում հասցրել է ներգրավել բավական մեծ ծավալի վարկային միջոցներ։ Արդյունքում՝ օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 7 մլրդ 939 մլն դոլարի։ Միայն վերջին 1 տարվա ընթացքում այն ավելացել է գրեթե 1 մլրդ դոլարով։

Եթե սա տեղի ունենար նախկինների օրոք, դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչ աղմուկ-աղաղակ էր բարձրացրել Նիկոլ Փաշինյանը։ Այսօր նա այլևս չի բողոքում երկրի պարտքի՝ մոտ է 8 միլիարդի շեմը հատելուց։

Պարտքի աճն ակտիվ է եղել հատկապես այս տարվա ընթացքում։ Տարեսկզբի 7 ամիսներին ներգրավվել է 618 մլն դոլար։ 7 ամսում պարտքն ավելացել է 9 տոկոսով։ Այն էլ՝ բացառապես կառավարության պարտավորությունների հաշվին։ Կենտրոնական բանկի պարտավորությունները նույնիսկ 10-11 միլիոնով նվազել են։ Փոխարենը՝ կառավարությունն արտաքին ու ներքին աղբյուրներից ներգրավել է 629 մլն դոլար։

Կառավարության բաժին արտաքին պարտքը 7 ամսում ավելացել է՝ 281 միլիոն, ներքին պարտքը՝ 348 մլն դոլարով։

Հայաստանի դիրքերը պետական պարտքի հատվածում այս տարի էապես վատացել են ու շարունակում են վատանալ։ Ընդհուպ մոտեցել ենք վտանգավոր գոտուն։

Խնդիրը միայն պետական պարտքի ինտենսիվ ավելացման հետ չի կապված։ Խնդիրը նաև տնտեսությունն է։ Տնտեսությունը հայտնվել է փակուղու առաջ, համախառն ներքին արդյունքը նվազում է՝ մեծացնելով պարտքի ռիսկայնությունը։

Այս պահին արդեն պետական պարտքը հասել է ՀՆԱ 58,6 տոկոսին։ Հիշեցնենք, որ դեռևս նախորդ իշխանությունների օրոք իրականացված օրենսդրական կարգավորումներով դրվել են սահմանափակումներ պարտքի ավելացման վրա՝ կառավարության ախորժակը զսպելու նպատակով։ Ըստ այդմ, պարտքի շեմը չպետք է գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը։

Այսօր արդեն այն ընդամենը 1,4 տոկոսով է զիջում առավելագույն սահմանագծին։ Այն էլ՝ նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ։ Եթե հաշվի առնենք, որ այս տարի Հայաստանում սպասվում է ՀՆԱ նվազում, ապա պատկերը շատ ավելի մռայլ կլինի։

Հիշեցնենք, որ կառավարությունը փոխել է տնտեսական աճի կանխատեսումը. նախորդ տարվա 6 տրիլիոն 569 մլրդ դրամի փոխարեն՝ ակնկալում է, որ այս տարի ՀՆԱ-ն ոչ միայն չի ավելանա, այլև պակաս կլինի 84 միլիարդով։

Այս գնահատականը տրվել է 2 տոկոս տնտեսական անկման հաշվարկով։ Բայց այսօր արդեն նույնիսկ կառավարության տնտեսական բլոկի ղեկավարները դրան չեն հավատում և անկման անհամեմատ ավելի մեծ ցուցանիշներ են հնչեցնում։

Մասնավորապես, օրերս էկոնոմիկայի նախարարը խոսում էր ՀՆԱ 5 տոկոսի նվազման հավանականության մասին։ Ճիշտ է, Տիգրան Խաչատրյանը դա համարում է փորձագիտական գնահատական, բայց առանց լուրջ հիմքերի՝ էկոնոմիկայի նախարարը հազիվ թե նման ցուցանիշ հնչեցներ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում տնտեսական անկումը դեռ խորանալու է, ինչը շարունակելու է մեծացնել ճնշումը պետական պարտքի վրա։

Եթե նույնիսկ ընդունենք, որ այս տարի տնտեսական անկումը կլինի 2 տոկոս, ապա արդեն այսօրվա ցուցանիշներով մեր երկրի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի առնվազն 59,4 տոկոս։ Իսկ եթե, այնուհանդերձ, անկումը հասնի 5 տոկոսի, ապա անգամ մինչև տարեվերջ որևէ ցենտ նոր պարտք չվերցնելու պարագայում՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կգերազանցի 60 տոկոսի շեմը։

Պետական պարտքի իրավիճակը բոլոր առումներով վատացել է։ Մեծացել է ճնշումը նաև պարտքի սպասարկման վրա։ Չի բացառվում, որ շուտով բախվենք պարտքի սպասարկման դժվարությունների հետ, եթե արդեն չենք բախվել։

Բյուջեն չի ստանում նախատեսված եկամուտները, որովհետև հարկերը սահմանված չափերով չեն հավաքվում։ Ոչ միայն աճ չունենք, այլև մուտքերն ավելի պակաս են, քան նախորդ տարի էր։ 7 ամսում անցած տարվանից քիչ է հավաքվել ավելի քան 42 մլրդ դրամ։ Հարկերը նվազել են 5 տոկոսով։

Այդ նույն ժամանակ պետական պարտքը շատ ավելի ինտենսիվ ավելացել է. 7 ամսում՝ 9 տոկոսով։

Պետական պարտքը վատացել է նաև այն բնութագրող մեկ այլ ոչ պակաս կարևոր չափանիշի համեմատ։ Խոսքն արտահանում-պարտք հարաբերակցության մասին է։

Ու կրկին նույն պատճառով՝ մինչ պարտքը մեծ քայլերով ավելանում է, արտահանումը նվազում է։ 7 ամսում ունենք արտահանման ավելի քան 6 տոկոսանոց անկում։

Ահա այսպիսին է մեր երկրի դիրքը պետական պարտքի ոլորտում։ Բոլոր հիմնական բնութագրիչների մասով ունենք տխուր վիճակագրություն։

Տարօրինակ չէ, որ վերջին շրջանում վարչապետը կամ կառավարության անդամներն այլևս չեն խոսում «հեղափոխությունից» հետո պարտքի առումով իշխանությունների արձանագրած «աննախադեպ» ձեռքբերումների մասին։ Պարտքն արագորեն ավելանում է։ Դա քիչ է, վատանում են այն բնութագրող բոլոր հիմնական ցուցանիշները։

Պարտքի բարելավման վերաբերյալ նախկինում եղած բոլոր կանխատեսումներն այլևս անցյալում են։ Դրանց հասնելու հեռանկարները հօդս են ցնդել։ Այլևս անիմաստ է սպասել, որ մոտ ապագայում նման երևույթի ականատես կարող ենք լինել։ Մինչև տարեվերջ պարտքը դեռ ավելանալու է։ Ու շատ հավանական է, որ առաջիկայում իշխանությունները հանդես գան պարտքը սահմանափակող առավելագույն շեմը վերանայելու և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60-ից 70 տոկոս դարձնելու նախաձեռնությամբ։ Ժամանակին նման ակնարկներ հնչեցրել է հենց վարչապետը։ Հիմա, առավել ևս, այդ խնդիրը հրատապ է դառնում։

Իշխանությունները գրեթե սպառել են նոր պարտքեր ներգրավելու հնարավորությունները։ Ու եթե մտադիր են շարունակել վարկեր վերցնելու պրակտիկան, որքան էլ հասարակությունը դա շատ ցավոտ է ընդունում, ապա ստիպված են վերանայել գործող օրենսդրական սահմանափակումները։ Այն սահմանափակումները, որոնք նախկիները դրել էին՝ կառավարության ցանկությունները զսպելու համար։