16:54 , 26 հուլիս, 2013ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսին հայտարարել է, որ այժմ պետդեպարտամենտի ուսումնասիրության ներքո է գտնվում սիրիական կոնֆլիկտի մեջ անմիջական ներգրավման պլանը: Այլ կերպ ասած՝ Սիրիայի հետ բացահայտ պատերազմի մեջ մտնելու որոշումն է օրակարգում:
Խոսքն արդեն գնում է ոչ միայն ապստամբ գրոհայինների պատրաստության ու զինման մասին՝ «Սիրիայից դուրս գտնվող անվտանգ գոտիներում»: Ինչպես գրել է Դեմփսին՝ ԱՄՆ Սենատի ռազմական հարցերով կոմիտեի ղեկավար Կարլ Լեվինին, կարող են կիրառվել «հեռահար օդային ու հրթիռային հարվածներ, որպեսզի մեր ընտրած ժամանակացույցով ոչնչացնենք հարյուրավոր թիրախներ՝ ՀՕՊ ուժերը, ՌՕՈւ-ն, ցամաքային զորքերը, հրթիռային համակարգերը, նավատորմը, սպասարկող ռազմական օբյեկտներն ու հրամանատարական կետերը»: Դրա համար ամերիկացիները պատրաստ են ներգրավելու «Հարյուրավոր ինքնաթիռներ, նավեր, սուզանավեր, հետախուզության և ՌԵՊ ուժեր, կապի և լիցքավորման ստորաբաժանումներ»...
ԱՄՆ-ն նպատակադրված է Սիրիայի օդային տարածքում սահամանել «թռիչքների համար փակ գոտիներ», ինչպես դա արվեց Լիբիայի հետ պատերազմի ժամանակ: Սա արվելու է իբր նրա համար, որպեսզի դադարեցվեն կառավարական զորքերի օդային հարվածները՝ ապստամբների ուժերի կողմից վերահսկվող տարածքներում: Վերջապես, Դեմփսին նաև հայտարարել է Թուրքիայի ու Հորդանանին սահմանակից Սիրիայի տարածքներում «բուֆերային գոտիների» ստեղծման հավանականության մասին, որտեղ հնարավոր կլինի ընդդիմության ուժերի ամրապնդումն ու արմատացումը: Նման որոշումը կյանքի կոչելու դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի ներգրավել նաև «ցամաքային զորքերի հազարավոր զինծառայողների»:
Ինչպես տեսնում եք, ամերիկացիները պատրաստվում են սանձարձակել լիամասշտաբ պատերազմ՝ ընդդեմ Սիրիայի: Միակ բանը, որ կարող է հետ պահել ԱՄն-ին այդ սցենարից, փղերն են, որոնք էլ հանդիսանում են ամերիկյան քաղաքական գործիչների որոշումների վրա ազդող գլխավոր չափորոշիչը: Դեմփսին նշել է, որ նման հարվածների համար պետք կգան «ցամաքային ու ծովային տեղակայման հարյուրավոր ինքնաթիռներ, հետախուզության և ռադիոէլեկտրոն պայքարի միջոցներ, կապի ու լիցքավորման միջոցներ, իսկ նախատեսվող ծախսերը կազմում են սկզբի համար առնվազն կես, իսկ հետո ամսական միջինը մեկ միլիարդ դոլար՝ առաջին տարվա համար»:
Սիրիայի կոնֆլիկտը չի մարում նախանցած տարվա մարտից և ՄԱԿ-ի տվյալներով արդեն խլել է 100 հազար մարդու կյանք: Վերջերս ԱՄՆ-ի Կոնգրեսն ու Սենատը թույլ տվեցին սիրիական ընդդիմությանը զենք մատակարարել, ինչն ի դեպ առանց նրանց թույլատվության էլ արվում էր. դա օրերս խոստովանեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: «Տարբեր տիպի սպառազինության էական քանակներ են հասցվել սիրիական ընդդիմությանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ համապատասխան օրինագծի ընդունումից առաջ...