Իմ ու քո ընկեր ֆեյսբուքցին. հարցազրույց Օվանիտասի հետ


17:00 , 26 հուլիս, 2013

Ինչո՞ւ որոշեցիր բլոգ բացել:

Սիրտս վաղուց ուզում էր մի բան բացել... :) ...Մի պահից սկսած սկսեցի ամաչել ինտերնետ պարազիտիզմից: Էս հսկա շտեմարանի բարիքներից երկար ժամանակ օգտվում էի միակողմանիորեն (ուրագի պես՝ միշտ դեպի ինձ, միշտ դեպի ինձ...), հետո սկսեցի էդ փաստից նեղվել. ոնց որ ամեն օր հարևանիդ տուն մտնես, սեղան նստես, ուտես-խմես, բայց էդ հյուրասեր հարևանիդ էդպես էլ չկանչես քո տուն, գոնե մի «պեչենի», մի «պեռաշկի» տաս՝ լավության տակից դուրս գալու. մի տեսակ հայեցի չի: Իսկ կիսելու/հյուրասիրելու բան մոտս անընդհատ կուտակվում էր (մոտավորապես էդ «պեչենի»/«պերաշկիի» մակարդակի, բայց դե՝ չեղածից լավ է), հիմնականում համակարգչային տարբեր տեխնո-զրթիկների տեսքով (հայկական ստեղնաշարեր, ուղղագրության ստուգում և այլն): Ու որոշեցի` կիսվեմ: Կիսվելու լավագույն միջոցն էլ բլոգ ունենալն էր: Հետո սկսեցի ուրիշ թեմաներով էլ գրել: Ու գնաց...

Կբացատրե՞ս nickname-իդ իմաստը, ինչպե՞ս է այն թարգմանվում, ինչպե՞ս ընտրեցիր:

Բացատրությունը էստեղ կա: Էդ նախերգանքը հատուկ եմ բստրել, որ էդ տեսակ «հաճախակի տրվող հարցերին» (էս հասկացությունը անգլերեն փիս հոմանիշ ունի) պատասխանեմ: Ovanitas-ը «Omniavanitas»-ն է՝ «ամենայն ինչ ունայն է»: «Vanitas vanitatum оmnia vanitas» – «Ունայնություն ունայնությանց և ամենայն ինչ ունայն է»՝ Հին Կտակարանի Ժողովողի գրքից հայտնի մեջբերումը: Ի դեպ՝ իրական նիքս հենց Ovanitas է: Omnia Vanitas սարքեց Ֆեյսբուքը իր՝ անուն ազգանուն գրելու պարտադիր պահանջով :) Չեմ սիրում, որ Օմնիա են անվանում:

Ընտրեցի, որովհետև կիսում եմ ժողովրդի լեզվով ասած՝ «սաղ սութ ա» իմաստությունը :)

Ինչքանո՞վ է բլոգդ փոխվել տարիների ընթացքում, և ինչքանո՞վ ես դու փոխվել:

Բլոգը չի փոխվել: Նույնիսկ դիզայնը նույնն է, ինչ առաջին գրառմանս ժամանակ: Իմ փոխվելը ինչո՞վ պիտի չափեմ. կիլոներո՞վ, թե՞ բանկի հաշվով: Երկուսն էլ կայուն են:

Երբևէ խնդիր ունեցե՞լ ես գրառումներիդ պատճառով:

Նիդաժդյոծես․․․ :)

Ինչքանո՞վ է օգնում անանուն կարգավիճակը հասարակական, քաղաքական և սոցիալական գրառումներ անելիս:

Անանուն կարգավիճակի իմաստը թաքնվելը չի՝ գրառումները չանձնավորելն է: Էն նույն տեղում անդրադարձել եմ։

Չե՞ս ուզեցել երբևէ բացահայտվել:

Պարբերաբար ու հաճույքով բացահայտվում եմ: Ուղղակի լոկալ մասշտաբներում: Առանձին կամրադների հետ հաճույքով ծանոթանում ու պարբերաբար գարեջուր եմ խմում: Կարող եմ վկաներ բերել :)

Շատերն ավանդական բլոգային հարթակները փոխարինեցին Ֆեյսբուքով: Քեզ մոտ կարծես թե ստացվում է բլոգային և ֆեյսբուքային կյանքը համատեղել: Ինչպե՞ս ես դա անում, և ո՞րն է Լivejournal-ը չլքելու հիմնական պատճառը:

Livejournal-ը պաշար է, Ֆեյսբուքը՝ հոսք: Գրեցիր, Ֆեյսբուքին տվեցիր, տարավ, մոռացավ: Livejournal-ում մնում է: Հետևաբար, էնտեղ ավելի մնայուն բաներ են գրում: Ֆեյսբուքի առավելությունն էլ իր օպերատիվությունն է:

Համենայն դեպս, իր բոլոր տեխնիկական թերություններով հանդերձ, Livejournal-ը համարում եմ իմ վիրտուալ (սրա հայերենը «կարծական» են թարգմանել) տունը:

Ակնհայտ է, որ նյութերդ հիմնականում տեխնիկական բնույթի, շաբաթների, գուցե և ամիսների աշխատանք են: Ի՞նչն է քեզ դրդում այդքան տքնել մի բանի վրա և մկնիկի մեկ հարվածով այն բաց թողնել անծայրածիր համացանց:

Գյո՞ռս եմ տանելու :) аla՝ «ինչ անըմ ենք, ազգաբնակչության համար ենք անըմ, քուր ջան»:

Էդ, որ էդ նույն «անծայրածիր համացանցից» տոննաներով սոֆթ ու ֆիլմեր ենք քաշում, լավ է, չէ՞: Էդ, որ էդ նույն համացանցից համարյա բոլոր տեխնիկական հարցերի պատասխաններից օգտվում ենք, էլի լավ է չէ՞: Բա մի բան տեղը չդնե՞նք:

Մի բան էլ կա. որ տրանսլիտով հայերեն գիր եմ տեսնում, ոնց որ վիզս օլորեն: Բա մաշտոցատառը, անգլոսաքսոնի ասած՝ «փրոմոթ» չանե՞նք:

Հրաշալի բանաստեղծություններ ես գրում: Պոետիկ ձիրք ե՞րբ ես մեջդ հայտնաբերել, ու արդյո՞ք Ovanitas-ի բանաստեղծությունների ժողովածու տարիներ անց լույս չի տեսնի:

Դա լադնը... :) Չկա էտենց բան (շա՜տ, շա՜տ համեստ մարդ եմ ես): Իմ մոտ «ես պոետ ու ձիս պոետ» վիճակն ա՝ լուրջ չի: Հավակնություններ էլ չունեմ...

Թե չէ, կան չէ՞ «պոետներ»՝ մի սենց բան են բստրում․

Սեքսը կիսատ մնաց, յախք,
Դու հեռացար, բայղո՛ւշ,
Արի սեմուշկա չրթենք
Ու ննջենք մուշ-մուշ...

ու հարայը գցում՝ բա մե՜նք... Բա մեր պոե՜զիան... Պոետիկ ձիրք Տերյանն ու Չարենցն են ունեցել: Օվանիտասը թող էդ մեծերի պոեզիայի ժողովածուների էլեկտրոնային տարբերակները հրատարակի, ու դրանից գոհ-գոհ ֆռֆռա (հիմի հենց էդպիսի ժողովածու հավաքելով եմ զբաղված ազատ ժամանակս, որ ազգաբնակչությունը ծովի ավազին պառկած SONY e-reader-ով կամ iPad-ով, կամ ուրիշ նման տեխնոզրթիկով կարդա ու հոգին փառավորվի... ու նոր եռանդով գա, կռիվ տա ապօրինի թանկացումների դեմ):

Հաճա՞խ ես Online ծանոթություններդ offline տեղափոխում:

Հա, պատահում է: Լավ մարդկանց հետ շփվելը, նոր, հետաքրքիր ծանոթությունները վիրտուալ կյանքի մեծ առավելություններն են, պետք է էդ հնարավորություններից օգտվել:

Հայտնի ֆեյսբուքահայերից ու՞մ հետ ես մտերիմ:

Շատերի: Մեկի անունը տամ, մեկելինը մոռանամ, կմտածի, թե իրեն հայտնի ֆեյսբուքահայ չեմ համարում: Էս կռի՞վ եք գցում...

Одноклассники.ru-ում կա՞ս:

Նայն:

Ֆեյք ունե՞ս:

Իմ ֆեյքը, թերևս, իմ իրական ֆեյսբուքյան պրոֆիլն է :) Հազվադեպ եմ մտնում ու օգտագործում եմ որպես մասնագիտական խմբերում կամ համակուրսեցիների հետ շփվելու միջոց: 

Հաճախ ինձ են ֆեյք համարում: Անձնական նամակագրությամբ էդ մտահոգությամբ երբեմն կիսվում են: Հիմնականում փարատում եմ:

Ի՞նչ վնասակար սովորություններ ունես:

Ծույլ եմ: Դա սովորությո՞ւն է:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Խեղդվելուց եմ վախենում: Դա ֆոբիա՞ է:

Ինչի՞ համար ես ամաչում:

Որ մի քանի կամրադների «Medal of Honour» խաղով էնենց եմ պարտության մատնում (մեեե՜ղմ ասած), որ դա կարելի է մարդկության դեմ հանցագործություն համարել: Դնում հաղթում եմ, հետո արածներիս համար մի քանի րոպե ամաչում:

Ո՞վ է քեզ համար հեղինակություն:

Իր մասնագիտության մեջ ցանկացած արհեստավարժ մարդ: Լավ կոշկակարը, լավ քվանտային ֆիզիկոսը: Լավ բլոգերը: Էտենց պաթետիկ պատասխան մը:

Օրական քանի՞ ժամ ես օնլայն լինում:

Կարելի է ասել՝ անընդհատ օն-լայն եմ: Աշխատավայրում՝ համարյա անընդմեջ համակարգչի դիմացը: Աշխատավայրից դուրս՝ խելախոսը հո կա ու կա:

Արտագաղթելու մտքեր ունենու՞մ ես:

Նիդաժդյոծես 2:

Որևէ քաղաքացիական ակցիայի մասնակցե՞լ ես:

Էսօր 4 հոգի մասիվից իջեցրել եմ Շրջանային՝ 150 դրամ ուղեվարձին բողոքելու շրջանակներում (իսկը՝ Չէ Գևարա...):



Եթե ոսկե ձկնիկ բռնեիր, երեք ի՞նչ ցանկություն կհայտնեիր:

Առաջին անփոխարինելի ցանկություն-հրամանս՝ «թորքի նանեն», դրանից բխող իր բոլոր աշխարհաքաղաքական հետևանքներով՝ սկսած քարտեզի արդարացի վերաձևակերպումներից, վերջացրած Ալիևիսիլիկոնաշատկնկաննեմեցական «Բու ֆանթասթիշլարդեյիլ» ֆիլմում նկարահանելուց:

Երկրորդը․ մի հատ ցանկությունների մատրիցա եմ սարքում՝ մի հազար չորս հարյուր պունկտանոց, A4-ի վրա տպում եմ, տալիս եմ ձկան ձեռը (լողակների տակ երևի) ու ասում՝ «երկրորդ ցանկությունս էս թղթի գրածների իրականացումն ա»: Թող ոնց ուզում ա՝ տակից դուրս գա:

Երրորդն էլ՝ մի բաժակ չայ:

Արդյո՞ք քեզ համարում ես ընդօրինակման առարկա: Ինչու՞:

Գոնե էն մասով, որ երբեք փոխատառ (տրանսլիտ) հայերեն չեմ գրում... Կոչ եմ անում դեռ գրողներին սա ընդօրինակել: Գործիքացանկը կցում եմ՝ http://ovanitas.livejournal.com/65777.html

Հա, քիչ էր մնում մոռանայի: Էն որոշ կամրադները, է, որոնց անդրադարձա քանի՚մ հարց վերև կերազեին իմ կեսի-կեսի չափ «Medal of Honour» խաղալ իմանային: Չեմ խաղում, է, խզարում եմ: Հիմի էդ կամրադները (անունները չեմ տալիս, որ խայտառակ չլինեն) կարդում ու կապտած հավանություն են տալիս: Այ էդ վարպետությունս ընդօրինակման արժանի ա:

Սերգե՜յ, աու՜...

Ինչի՞ համար չի հերիքում համարձակությունդ:

Միանգամից շատ խմելու (ներքին զսպանակներ ունեմ, որ անխափան աշխատում են ու լիքը բան հարամում :)

Ասում են՝ կյանքում պետք է ամեն ինչ փորձել: Կա՞ն բաներ, որ երբեք չես փորձի:

Երբեք Այֆոն չեմ պահի: Գլխիս խփել չկա: Չնայած մաքբուքին ուզում եմ անցնեմ՝ հենց մենակ փորձելու համար:

Ի՞նչ հարցի կուզենայիր պատասխանել, որը, սակայն, երբեք չեն հարցնում:

«Քաղաքացի Բալագանով, որքա՞ն գումար է ձեզ պետք երջանիկ կյանքի համար»: Ու սրա պատասխանը 5,400 չէր լինի:

Մանկության ո՞ր երազանքդ ես իրականացրել:

Ճամփորդելը: Շատ եմ ճամփորդել: Սիրում եմ էդ զբաղմունքը:

Ինչպե՞ս ես ընդունում քո հասցեին հնչած քննադատությունը:

Ուշունց եմ տալիս :)

Եթե մարդասպանության իրավունք ունենայիր, կօգտվե՞իր այդ իրավունքից:

Մարդասպանությունը կրոնական ու բարոյական համոզմունքներիս դեմ է: Բայց դե քյորփա Ալիևին սատկացնելը, օրինակ, անբարոյականությո՞ւն է, թե՞ մարդասիրության գերագույն դրսևորում: Չգիտեմ, մի խոսքով:

Գիրք, ֆիլմ, երգ, որի հետ յուրաքանչյուրը պետք է ծանոթ լինի:

«1984» - որպես լավագույն հիշեցում/կանխարգելում,

«Մատրիցա» - որպես աշխարհի սուբյեկտիվ ընկալման փիլիսոփայական ուսմունքի լավագույն օրինակ,

«The Show Must Go On» – որպես լավագույն վոկալի ու պարունակության համադրություն:

Աստծու հետ դեմ առ դեմ հանդիպելիս ի՞նչ կասեիր նրան:

Մեղքերի թողություն կխնդրեի:

Ո՞րն է աշխարհի ամենաանվտանգ վայրը, ինչու՞:

Մոնղոլիայի Հուբսգուլյան Ամյակ մարզը: Վերջին անգամ ե՞րբ եք Մոնղոլիայի Հուբսգուլյան Ամյակ մարզի մասին վատ բան լսել... ընդհանրապես որևէ բան լսել:

Ինչպե՞ս ես տարբերում լավ մարդուն վատից:

Հարաբերական է էդ լավն էլ, վատն էլ: Ուզածդ վատ մարդուն միշտ կարելի է էն կողմից ճանաչել, որ մտածես` «սրա պես լավ մարդ չկա»: Հակառակ պնդումը չեմ անի, բայց դե...

Ի՞նչ խորհուրդ կտայիր յուրաքանչյուրին փորձել:

Սուշի:

Ասում են՝ կյանքը/ճակատագիրը/սերը/ընտանիքը կարելի է համեմատել շինարարության հետ. որակյալ ու ճիշտ դրված հիմքի վրա ամեն ինչ հեշտ է ստացվում: Կարողացե՞լ ես ստեղծել այդ ամուր հիմքը:

Հա: Փառք Աստծուն:

Ինչպե՞ս բացատրել հիմարին, որ ինքը հիմար է:

Իսկ ինչո՞ւ է պետք հիմարին բացատրել, որ ինքը հիմար է: Որ հիմարը նեղանա ու ավելի շատ հիմարություննե՞ր անի: Հիմարի մոտ բնական ինքնապաշտպանական ռեակցիա կառաջանա ու կսկսի փորձել ապացուցել, որ ինքը հիմար չէ, կակտիվանա հիմարը, աշխարհում հիմար արարքների տեսակարար կշիռը կավելանա: Հիմարներին պետք չի որևէ բան բացատրել, պետք է հանգիստ թողնել:

Ինչպե՞ս կապրեիր, եթե իմանայիր, որ անմահ ես:

Բանկում ժամկետային ավանդ կդնեի ու մի 3000 տարի հետո միլիարդատեր, նույնիսկ՝ գծատեր կդառնայի:

Ի՞նչ ես մտածում, երբ համասեռամոլ ես տեսնում:

Մտածում եմ «բայց շան տղեն ինչ լավ ա երգում/նկարում/խաղում» երբ համասեռամոլը (կամ հակասեռամոլը. հետերոգենին կարելի՞ է «հակասեռամոլ» կոչել) լավ է երգում/նկարում/խաղում: Երբ էդ նույնը վատ է անում, կմտածեի էն բառը, որը վատ մրցավարի մասին բոլորն են մտածում:

Հիմի համասեռամո՞լն է վատը, թե՞ իր գործը վատ մրցավարի պես անող վարչության պետը, հարկային տեսուչը, վաճառողուհին և այլն: Էս պահին երկրորդ կատեգորիան իմ երկրին ավելի շատ վնաս է տալիս:

Հոմոֆոբ չեմ: Բա՜․․․․․ա՜...յց. չեմ հանդուրժում, որ որևէ էդպիսի երևույթ պրոպագանդվում է, արհեստականորեն շահարկվում, ի ցույց դրվում: Օրինակ` համասեռամոլների ամուսնության օրինականացնողը թող երկու պապա ունենա ու թրաշով մեծահասակ մորքուրներ, որ թքոտ պաչելուց համ էլ ծակծկեն:

Համասեռամոլ զույգերին երեխաների որդեգրման թույլտվությունը համարում եմ մեղք ու էդ նույն երեխաների շահերի խիստ ոտնահարում:

Եթե երեխան հարցներ քեզ, թե որտեղից են երեխաները հայտնվում, ի՞նչ կպատասխանեիր:

Մամայի փորիկից:

Հարց, որ ուղղել է մեր նախորդ հյուրը՝ «Ինչպիսի՞ն ես իրական կյանքում»:

Հոգնած:

Ի՞նչ հարց կուղղես մեր հաջորդ հյուրին:

Մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ:

 

Օվանիտասի բլոգը՝ այստեղ, Facebook-յան հղումը՝ այստեղ, Բլոգնյուզ-յան գրառումները՝ այստեղ:

Հարցազրույցը վարեց Mari Love-ը: