Աշունը Նիկոլ Փաշինյանը դիմավորում է Ղարաբաղյան հարցում բացարձակապես «մերկ» վիճակում


13:11 , 28 օգոստոս, 2020

Politik.am-ը գրում է․

Չնայած Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին կանխատեսումներ անելը բավական անշնորհակալ գործ է, սակայն կարելի է որոշակի համոզվածությամբ ասել, որ ըստ ամենայնի աշունը հայաստանյան քաղաքական թատերաբեմին բավական թեժ է լինելու, քանի որ քաղաքական թեժ աշնան պատճառները բավականին շատ են։

Նախ, աշնանը ամենայն հավանականությամբ կկայանա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հանդիպումը։ Իհարկե, դժվար է ասել, թե մինչեւ տարեվերջ արդյոք Փաշինյան-Ալիեւ հանդիպում կկայանա թե ոչ, հատկապես հուլիսյան սահմանային լարվածությունից հետո դրա մասին խոսելը բարդ է, սակայն այն, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում անկախ ամեն ինչից քաղաքական-դիվանագիտական պրոցեսները շարունակվում են, աներկբա է։ Հայաստանի գործող կառավարության համար Ղարաբաղյան հարցի կարգավորումը ամենից վտանգավոր գայթաքարն է, որտեղ նույնիսկ միլիմետրի սխալը կարող է չափազանց թանկ արժենալ թե երկրի համար եւ թե իշխող թիմի համար։

Հստակ է նաեւ, որ աշունը Նիկոլ Փաշինյանը դիմավորում է Ղարաբաղյան հարցում բացարձակապես «մերկ» վիճակում՝ կորցրած երկու եւ կես տարի շարունակ իր կողմից հռչակված այն թեզերը, որոնց վերջին փշրանքները հօդս ցնդեցին հուլիսյան բախումների ժամանակ։ Իշխող ուժը, իր քաղաքական կնքահոր քաղաքական ճակատագիրը ի նկատի ունենալով, որպես նախադեպ, լավ է հասկանում նաեւ, որ եթե փորձի «խաղեր տալ», ապա դա կարող է նշանակել քաղաքական մահավճռի ստորագրում սեփական ձեռքով։

Սեպտեմբերի առաջին տասնօրյակի վերջին կավարտվի արտակարդ դրությունը Հայաստանում։ Ընդհանուր մտայնությունն այն է, որ արտակարգ դրությունը այլեւս չի երկարացվի։ Իհարկե, իշխանությունները տեղերում՝ տեղական իշխանություններին լոկալ կարանտին սահմանելու իրավունք տալու նախաձեռնությամբ, որի մասին խոսվեց կառավարության վերջին նիստին, փորձում են ամեն դեպքում ներքաղաքական պրոցեսները վերահսկելու որոշակի գործիք պահել իրենց ձեռքում, սպասվող քաղաքական թեժ աշնանը ընդառաջ, սակայն միջազգային փաստաթղթերում հավաքների եւ դժգոհությունը՝ համավարակի պայմաններում ազատ արտահայտելու իրավունքի ապահովման մասին արձանագրումներից հետո, դժվար թե այդ գործիքը չափազանց արդյունավետ աշխատի, ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ գործող իշխանությունների վրա կա համավարակը քաղաքականացնելու հարցի առնչությամբ արտաքին ճնշում։

Քաղաքական աշունը կարող է թեժ լինել նաեւ սպասվող Ստամբուլյան կոնվենցիայի վավերցման քննարկումների հետ կապված։ Արդեն իսկ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կա հանձնարարական իշխանությունների կողմից սեփական թիմակիցներին՝ պատրաստվել սպասվող գրոհներին, ինչը նշանակում է, որ իշխանության ներսում, որտեղ Ստամբուլյան կոնվենցիայի հարցի հետ կապված կան խմորումներ, հասկանում է, որ հարցը այնքան նրբազգաց է, որ կարող է լուրջ գործընթացներ հարուցել եւ դառնալ քաղաքական դիմակայության առիթ։