Առանց լուրջ փոփոխությունների անհնար է առաջ շարժվել


14:47 , 26 հուլիս, 2013

Երևանի քաղաքապետը հանդես եկավ ուղերձով՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու մասին հուլիսի 19-ի իր որոշման գործողությունը կասեցնում է, այսինքն` ուղեվարձը մնում է նախկինի նման 100 դրամ:
Այն, ինչ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի էր ունենում Երևանում, մեկ նախադասությամբ կարելի է անվանել բարձր իրավագիտակցական մակարդակ ունեցող քաղաքացիների ազատ խոսքի և կամքի դրսևորում:
Պայքարի այս դրսևորումը հատկապես կարևոր էր այն տեսանկյունից, որ հետագայում ցանկացած պաշտոնյա հասարակության համար կարևորություն ներկայացնող որոշումներ կայացնելիս անպայման հաշվի կառնի հայաստանցու կարծիքը:
Ի՞նչ պետք է անի քաղաքապետը նման իրավիճակներից զերծ մնալու համար. այս միջադեպը ցույց տվեց, որ չնայած լուրջ ռեսուրսների առկայությանը` և՛ մասնագիտական, և՛ կազմակերպչական, և՛ մենեջմենթի առումով, քաղաքապետարանը լուրջ խնդիրներ ունի: Եվ քանի համակարգը ամբողջովին չի փլուզվել, պետք է անհապաղ կադրային փոփոխություններ և վերադասավորումներ իրականացնել:

Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքապետի հանձնարարությամբ պետք է ստեղծվի հանձնաժողով, որը պետք է մշակի բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, անհրաժեշտ շահագրգիռ կողմերի հետ համատեղ հաշվարկել ուղևորափոխադրումների և անհրաժեշտ ծառայություններ մատուցելու ինքնարժեքը, ավարտին հասցնել Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի մշակման աշխատանքները, որը քաղաքապետարանը խոստացել էր ավարտել դեռ նախորդ աշնանը:
Հետագայում խնդիրներից զերծ մնալու համար` քաղաքապետարանը պետք է առավել թափանցիկ աշխատի հասարակության հետ՝ որոշակի պարբերականությամբ հանդես գալով հաշվետվությամբ:

Այս մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաները ևս մեկ ազդակ էին իշխանությանն առ այն, որ պետական կառույցների որոշ օղակներ անընդհատ արգելակում են համակարգի ընթացքը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: