Գերագույն դատարանի կողմնակիցները թերևս սպասեն ավելի հարմար ժամանակների, երբ բանավեճին կմասնակցեն ոչ թե պատահական մարդիկ, այլ հեղինակություն վաստակած մասնագետներն ու հանրային գործիչները․ Ռուբեն Մելիքյան


11:07 , 28 օգոստոս, 2020
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Սահմանադրական դատարանը և վճռաբեկ դատարանը միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու անպատրաստ որոշումը, ինչպես երևում է՝ լուրջ հակազդեցության է արժանանալու հատկապես մասնագիտական շրջանակներում, ուստի Գերագույն դատարանի պալատական կողմնակիցները նոր, թարմ գաղափարների կարիք ունեն՝ իրենց բաղձանքն իրականացնելու համար։
Օրինակ, կարելի է կատարել «քայլ ձիով» ու Գերագույն դատարանում միավորել ոչ թե Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը, այլ Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը, կամ, օրինակ, բացել «Գերագույն դատարան» ՀԿ ու գերագույն հաճույք ստանալ այդ մանր «խորամանկությունից» (միտքը հեղինակային չէ - երեկ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկին նկատեցի նորաստեղծ «Մարդու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի փառավոր գրասենյակը՝ իր «օրիգինալ» դրոշով ու խորհրդանիշով)։
Մի խոսքով, «ձիով քայլերի» տարբերակները շատ են, իսկ Գերագույն դատարանի անկեղծ կողմնակիցները թերևս սպասեն ավելի հարմար ժամանակների, երբ բանավեճին կմասնակցեն ոչ թե պատահական մարդիկ, այլ հեղինակություն վաստակած մասնագետներն ու հանրային գործիչները։