«Բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ». Շպռոտը` իր կյանքի դժվարությունների, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին


16:37 , 26 օգոստոս, 2020

Tert.amLife-ը գրում է.

Տարիներ առաջ Անի Թովմասյանը բեմական «Շպռոտ» անվամբ մուտք գործեց հայկական շոու բիզնես, ինչից հետո իր համարձակ լինելու համար շատ քննարկվեց ու քննադատվեց: Տասը տարի առաջ նա լքեց հայրենիքն ու հայկական շոու-բիզնեսը և գնաց ամերիկյան երազանքի հետևից:  

Tert.am Life-ի հետ անկեղծ զրույցում նա խոսել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո հաղթահարած դժվարությունների, Հոլիվուդում ասելիք չունենալու, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին:

-Արդեն տասը տարի է, ինչ մեկնել եք Հայաստանից: Սկզբնական շրջանում շատ էիք խոսում այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել եք: Եթե հետ գնանք Ձեր կյանքի այդ բարդ փուլ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչն եք ամենաբարդը հաղթահարել:

-Շատ բարդ էր օրվա խացի խնդիրը լուծելը, ապրելու տեղ գտնելը, քանի որ երկու տարի անտուն եմ եղել, աշխատանք և փաստաթուղթ չեմ ունեցել: Նաև մեծ բարդություն էր այն, որ լեզվին լավ չէի տիրապետում: Շատ է եղել, որ ինձ միայնակ եմ զգացել, քանի որ ընտանիքիս անդամները կողքիս չէին: Բայց արդարության համար պետք է ասեմ, որ Միացյալ Նահագներում շատ նոր ընկերներ ձեռք բերեցի , ովքեր ինձ օգնեցին: Դժվարություններ լինում են բոլորիս կյանքում, բայց սովորում ես դրանք հաղթահարել նոր մոտեցմամբ, առանց լարվելու: Այս ամենին միանգամից չեմ եկել, կյանքի փորձն է ինձ սովորեցրել:

-Ո՞րն է եղել ամենադաժան ու դժվար աշխատանքը, որն արել եք:

-Ամենաբարդ աշխատանքներից են եղել հաշմանդամ պապիկին խնամելը, պարկերով հող տեղափոխելը, զուգարան մաքրելը, ափսեներ լվանալը: Բայց ֆիզիկական աշխատանքը հոգեբանության վրա հետք չի թողնում, ուղղակի լավ կլիներ` նման աշխատանքներ արած չինեի:

-Ինչպե՞ս եք կարողացել միայնակ հաղթահարել դժվարությունները: Ուժե՞ղ մարդ էիք, թե՞ կյանքը Ձեզ այդպիսին դարձրեց:

-Ես ուժեղ մարդ եմ: Դեռ փոքրուց դժվարություններ, ցավոտ կորուստներ եմ ունեցել, որոնք ինձ ժամանակից շուտ են մեծացրել: Հորս կորուստն առաջինն էր ու ամենացավոտը: Այդ ժամանակշրջանը շատ ծանր էր ինձ համար: Հետո այլ կորուստներ էլ ունեցա, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել:

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ երգչուհի Շպռոտի կարիքն ԱՄՆ-ում չունեն և արդեն մեծ եք «շպռոտություն» անելու համար: Ինչպե՞ս ստացվեց, որ արդեն հանձնված Շպռոտը որոշեց պայքարել երգելու համար:

-Հոլիվուդում ասելիք չունեմ: Եթե լինեի 21 տարեկան, գուցե փորձեի ինտեգրվել, բայց հիմա մեր հայկական շուկան ինձ բավարարում է: Այստեղ պիտի երիտասարդ լինես, այլազգի չլինես, որպեսզի հասկանաս մարդկանց մենթալիտետը: Ես չհանձնվեցի, որովհետև սկսեցի երգել երգեր, որոնք մեծամասնության ճաշակով կլինեն: Իմ ճաշակը շատ է տարբերվում մեծամասնության ճաշակից, բայց ստիպված եմ հաշվի նստել մեծամասնության հետ, որպեսզի գումար վաստակեմ: Ամեն դեպքում, հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը և ինչքան էլ երգերի ոճն իմը չէ, փորձում եմ որակը պահել: Հիմա երգարվեստն իմ հիմնական եկամտի աղբյուրն է: Տեսահոլովակ նկարահանելու հարցում էլ ֆինանսական բարդություններ չեն լինում, որովհետև հովանավորներ եմ ունենում: Ի նկատի ունեմ, որ տեսահոլովակում գովազդում եմ հովանավորի ապրանքանիշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ