Հերթական անգամ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հատուկ խաբեության հետ, երբ հայտարարում են մի բան, անում՝ ուրիշ բան. Անի Հովհաննիսյան


16:14 , 26 օգոստոս, 2020

Կորոնավիրուսով պայմանավորված՝ իշխանությունները հայտարարեցին, թե ստեղծված իրավիճակին դիմակայելու համար կազմակերպությունների հարկային պարտավորությունները 1 500 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում միայն հաշիվը կալանքի տակ կդրվի և գումարը կբռնագանձվի՝ նախկին 500 000 ՀՀ դրամի փոխարեն։ Այս որոշման տրամաբանությունն այն էր, որ կազմակերպությունները կարողանան տնտեսության անկման այս փուլում դիմադրել և վերականգնվել, փաստացի ստացվում էր, որ պետությունը հարկերի տեսքով վարկ է տրամադրում կազմակերպություններին՝ հաշվելով չվճարված հարկերի համար տույժի ավելի ցածր տոկոսներ և հնարավորություն տալով մինչև 1 500 000 ՀՀ դրամ պարտավորությունները հետո մարել։ Սա այն է, ինչ պետք է լիներ։

Ի՞նչ եղավ իրականում․

ՊԵԿ-ը կալանք չի դնում կազմակերպությունների հաշիվների վրա, եթե 500 000 ՀՀ դրամից ավել հարկային պարտավորություններ ունեն, բայց դիմում է ԴԱՀԿ-ին, որն էլ կալանք է դնում հաշվի վրա և բռնագանձում իրականացնում։ Ստացվում է, որ հայտարարվել է մի բան, բայց գործնականում կատարվում է լրիվ այլ բան։ Հերթական անգամ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հատուկ խաբեության հետ, երբ հայտարարում են մի բան, անում՝ ուրիշ բան։

Շուտով լուրջ խնդիրների առջև են կանգնելու այն ՓՄՁ-ները, որոնք, մտածելով, թե պետությունը հետաձգել է իրենց հարկային պարտավորությունների մարման ժամկետն, այլ ծախսեր են կատարել եկամուտներով։Փաստացի, ոչինչ էլ չի հետաձգվել, ուղղակի ՊԵԿ-ի փոխարեն բռնագանձումն իրականացնում է ԴԱՀԿ-ը։