Եթե մարդը չունի երազանք, ո՞րն է իր կյանքի արժեքը. Արթուր Դանիելյան


12:21 , 21 օգոստոս, 2020

Ահագին ժամանակ է փորձում եմ հասկանալ` ե՞րբ մեր ազգը կորցրեց իր երազանքը, ո՞ր պահին դա կոնկրետ տեղի ունեցավ: Ընդ որում, մենք էդ առումով բավականին երկար ձգեցինք: Դժվար աշխարհում լինի մի քրիստոնեական մշակույթ կրող երկիր, որը մեր չափ պահեց սեփական երազանքը: Բայց իմ սերունդում արդեն նկատում եմ, որ էդ երազանքը չկա: Չկա ամեն գնով թոռանը տեսնելու պայքարը: Մինչև իմ սերունդը բոլոր հայերը կյանքում մի նպատակ ունեին՝ թոռ ունենալ, որտև «թոռից քաղցր բան չկա»-ր: Թոռը քաղցր է բոլոր առումներով, նախ նրանք հաճախ նման են մեր երեխաներին, երբ նրանք փոքր էին և հետևաբար մեր մեջ նոստալգիկ կայֆ են առաջացնում, բայց առանց կենցաղային խնդիրների բեռի: Երկրորդ` հենց թոռն է քո տոմսը դեպի հավերժություն, թոռն ա քո շարունակությունը: Հավերժանալու համար երեխա ունենալը քիչ է, պիտի հասնես նրան, որ երեխադ էլ երեխա ունենա: Սա է սամսարայի մեր անիվը:

Մեր ազգի ողջ մշակույթը ձևավորվել էր դրա շուրջ: «Ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում»-ից սկսած, մինչև «ե՞րբ ես ամուսնանում, այ տղա/աղջի»: Մարդիկ սովորում էին, աշխատում էին, չարչարվում էին, որ երեխա դաստիարակեն, թոռ ունենան ու ծերություն վայելեն: Էդ էր նշաձողը: Ուրիշ ոչ մի բան չէր կարող փոխարինել հայի այդ նպատակը: Դրանից թանկ ու ավելի ցանկալի բան չէր կարող լինել:

Ներկայիս մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիների մեծ մասն ամուսնացած չէ, իսկ մեկ կնոջ հաշվարկով երկրում ծնվում է 1,75 երեխա: Սա նշանակում է, որ հիմա Հայաստանում ապրում է 40 տարեկանների մի հոծ բազմություն, որն այլևս երեխա չեն ունենալու ու հետևաբար նաև թոռ: Իսկ ծնելիության ցուցանիշը նշանակում է, որ էդ բազմությունը անընդհատ աճելու է: Մենք շուտով ունենալու ենք միայնակ, դժբախտ ու շատ անապահով մարդկանց մի մեծ շերտ, քանի որ մենք, ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի, ներգաղթյալ սենեգալցիների ու ալժիրցիների ապագա սերունդների հաշվին չենք կարող թոշակ բաժանել ներկա միայնակ թոշակառուներին:

Սա, ըստ էության, նաև նշանակում է, որ հայերը կորցրել են իրենց երազանքը: Էլի աշխատում են, էլի ձգտում են, էլի չարչարվում են, բայց դրա նպատակը հիմա արդեն թոռը չէ, այլ սեփական եսը: Հայը էլ չի մտածում երջանիկ ծերության մասին, ինքը հիմա ուզում ա կայֆը վայելի, չհասկանալով, որ իր կյանքի վերջին քսան տարին, ըստ ամենայնի, մուրացկան է լինելու ու մահանալու փոխարեն մի տեղ սատկելու է: Այսինքն, էս մարդկանց հերոյինի պերեդոզից պահում է մեծ առումով միայն սեփական վախկոտությունը, որովհետև հերոյինից ավելի մեծ կայֆ էսօր, էս պահին դու չես կարող ստանալ, դա գիտական փաստ է: Հարց ա առաջանում՝ եթե թոռը քո համար բարձրագույն արժեք չէ, ինչու՞ ես ժամանակ վատնում հերոյին չանելու վրա: Այսպես թե այնպես, ապագայի մասին չմտածողը չի կարող ապագա ունենալ:

Շատերը բավականին հիմար հակափաստարկներ են բերում, պնդելով, որ երազանքը կա, բայց սոցիալական պայմանները չկան: Մինչդեռ իրականում Էս սերունդից ավելի բարեկեցիկ ապրել են միայն սովետական Հայաստանի բնակիչները, այն էլ միայն ապահովության, կայունության ու անվտանգության առումով, բայց, չգիտես ինչու, հենց այդ թվերին սկսեց նվազել երազող մարդկանց քանակը, հենց այդ թվերին սկսեց կտրուկ նվազել ծնելիությունը: Այսինքն, մարդիկ` իհարկե ոչ միայն հայերը, դադարում են երազել, երբ սկսում են ավելի բարեկեցիկ ապրել: Կամ ավելի շուտ նրանց երազանքն է փոխակերպվում՝ երջանիկ ապագային գալիս է փոխարինելու երջանիկ հիման: Քրիստոնեական հավերժ կյանքի ձգտումը փոխարինվել է բողոքական էսօրվա օրով ապրելու մոլուցքով:

Քրֆող կնանիք, անպատասխանատու քաղաքական գործիչները, գցող գործարարները, էդ ամեն ինչն արդեն կողմնակի արդյունք է, էսօրվա օրով ապրելու հետևանք: Էս ամենը արձանագրելով` գիտակից մարդը պիտի ինքն իրեն շատ ցավալի մի հարց տա ու էլ ավելի ցավալի, բայց ոչ պակաս ակնհայտ պատասխան արտաբերի՝ եթե էս ազգը այսօրվա իրավիճակում գնում է անխուսափելի կործանման, ո՞րն է այն գինը, որ կարելի է վճարել, գոնե մի քանի տասնյակին փրկելու համար: Եթե դու գիտես, որ մարշրուտկի մեջ դիմացդ նստած թիթիզիկը իր կես տարվա աշխատավարձը ծախսել է նոր ԱյՖոնի վրա ու քսան տարի հետո վերածվելու է դժբախտ մուրացկանի, ի՞նչ ես դու պատրաստ անել, որ դա տեղի չունենա... ոչ իր հետ, ոչ էլ քո... որովհետև թոռան համար ամեն դեպքում երկու երազող ու պարտադիր հակառակ սեռի մարդ է պետք:

Չի կարող էսօրվա օրով ապրողը ունենա երազանք: Երազանքը ապագայում է: Եթե մարդը չունի երազանք, ո՞րն է իր կյանքի արժեքը... կամ երազանք չունեցողը կարո՞ղ է արդյոք առհասարակ համարվել մարդ:

#հայկական_երազանք