Նախօրեին իր 2 թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա քաղաքացու ևս 5 թոռները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են «Մուրացան» ԲԿ


18:39 , 20 օգոստոս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն:

Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են: Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հ-ն է։ Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ-ն նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: