Եթե Ջորջ Սորոսը վիրավորանք է տեսնում, թող ինձ դատի տա․ Ալեն Սիմոնյան


16:18 , 19 օգոստոս, 2020

Hraparak.am-ը գրում է․

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը ծանր է տարել, և դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու և լսումներ կազմակերպելու պահանջով։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը «Հրապարակին» տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունի Սորոսի գրասենյակը ՀՀ իշխանությունների և երկրի կառավարման վրա, ասել էր․

«Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։  

«Բաց հասարակության հիմնադրամի»  կամ որ նույնն է Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն օգոստոսի 14-ին Արարատ Միրզոյանին հղած իր նամակում գրել է․
«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»։ Մինասյանը նաև նշել է․
 

«Եթե պարոն Սիմոնյանը զուտ մրցում է Նարեկ Մալյանի «ՎԵՏՈ» նախաձեռնության հետ, ապա կարելի է միայն արձանագրել ցավալին եւ անհավանականը՝ նա կարողացավ քաղաքական բանավեճի բարոյական նշաձողն իջեցնել վերջինիս սահմանած ռեկորդից ավելի ցածր»։
Վերջում տիկին Լարիսան գրել է․ «Ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, եւ ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան եւ ամենայն հարգանքով խնդրում եմ նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ այս հարցի շուրջ»։

Լարիսա Մինասյանի նամակը ստորագրել է հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Բաբայանին հարցրինք՝ տեղյա՞կ է նամակից, մասնակցե՞լ է քննարկումներին, պատասխանեց՝ «ծանոթ եմ»։

Բաբայանին հարցրինք՝ կիսո՞ւմ է Լարիսա Մինասյանի դիտարկումներն ու նկատառումները․
«Կարծում եմ՝ այո։ Ես կարծում եմ՝ պետք է բոլոր դեպքերում զուսպ լինել, վիրավորանքներից հեռու մնալ և փորձել տեղափոխվել ավելի կիրթ դաշտ»,- պատասխանեց Բաբայանը։

- Պարոն Բաբայան, հիմնադրամը տարիներ շարունակ հայտարարել է, թե խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության հաստատման համար է իր գործունեությունը, բայց հենց Սորոսի հասցեին թթու խոսք է հնչում, արձագանքում է։ Մյուս դեպքերում ինչո՞ւ չի արձագանքում։

- Հիմնադրամը արձագանքել է նաև Նարեկ Մալյանի բազմաթիվ հայտարարություններին, եթե ես չեմ սխալվում։ Այստեղ խոսքը խոսքի ազատության մասին չէ, խոսքը մակարդակի մասին է, խոսքը բառապաշարի մասին է։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր քննադատություն կարելի է անել, և խոսքը հենց սրա մասին է, որ մենք չիջնենք այդ մակարդակին։ Կապ չունի իշխանական պատգամավոր է, թե իշխանական պատգամավոր չէ, հայացքները կարող են արտահայտվել, բայց այդպիսի լեքսիկոնը՝ «ո՞ւմ շունն է», « ո՞վ է» , «մեռնելու վրա է» և այլն, կարծում եմ՝ առավել ևս պետական պաշտոնյային վայել չէ՝ անկախ նրանից, թե ում վերաբերյալ է։

- Երբ վարչապետն ասում է ՝ «շնաբարո դուրսպրծուկներ», «վնգստացող դատավորներ», Քոչարյանին անվանում է հանցագործ, որոշներին՝ թալանչիներ, «սերմացու գողացող մկներ» և այլն, այդ ժամանակ ինչո՞ւ հիմնադրամը լեքսիկոնի հարց չի բարձրացնում։

- «Բաց հասարակություններ» հիմնադրամը պարտադիր չէ, որ ամեն անգամ լեքսիկոնի հարց բարձրացնի , հիմնադրամը այդ հարցը բարձրացնում է այն ժամանակ, երբ իրեն է վերաբերում, երբ կոնկրետ իրեն են վիրավորում, բայց այն ինչ ասվում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ում հասցեին ուզում է լինի, անթույլատրելի է նման լեքսիկոնը։ Համապատասխան մարմինները, ում դա վերաբերում է, կարող են նույն ձևով արձագանքել։ Այս պարագայում խոսքը վերաբերում էր «Բաց հասարակություններ» հիմնադրամին, կոնկրետ Ջորջ Սորոսին, և հիմնադրամը իր գործադիր տնօրենով արձագանքեց, ինչը համարում եմ, որ շատ նորմալ է։ Ընդհանրապես ում վիրավորում են, պետք է փորձի արձագանքել և բանավեճը տեղափոխել ավելի բարձր քաղաքակրթական դաշտ։

Մենք կապվեցինք նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ՝ հարցնելով, թե ինչ կարծքի ունի Լարիսա Մինասյանի արձագանքի վերաբերյալ՝ «անտարբեր եմ»,-ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե ինքը վիրավորե՞լ է Ջորջ Սորոսին, ինչպես Մինասյանն է պնդում, թե քննադատական խոսք է հնչեցրել, Սիմոնյանը պատասխանեց՝ «Եթե Ջորջ Սորոսը դրա մեջ վիրավորանք է տեսում, թող դիմի դատարան»։

Սիմոնյանին հարցրինք նաև, թե էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջի վերաբերյալ ի՞նչ կարող է ասել, նման հարց կա՞ ԱԺ օրակարգում․

«Նման հարցի քննարկման վերաբերյալ ես տեղեկություն չունեմ, էլ չեմ ասում, որ իրենց գրած նամակի հիման վրա՝ ես ամսի 20-ին եմ այդ հարցազրույցը տալու «Հրապարակ» օրաթերթին, այնպես որ սպասենք ամսի 20-ին»,- ասաց Սիմոնյանը։