«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը քննարկել են ԱՀ և ՀՀ անվտանգային համակարգին վերաբերող հարցեր


00:33 , 18 օգոստոս, 2020

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նախագահ Սամվել Բաբայանի գլխավորությամբ այսօր հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և քաղաքական խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է  «Միասնական հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Մեզ համար Արցախն ու Արցախի անվտանգությունը շատ կարեւոր տեղ են զբաղեցնում, Արցախյան խնդիրը մեր կուսակցության առաջնահերթություններից է, եւ մենք «Միասնական հայրենիք» կուսակցության հետ հանդիպմանը մեծ կարեւորություն ենք տալիս։ Այս մասին Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի եւ «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հանդիպմանը հայտարարել է Արթուր Վանեցյանը։

«Դուք այն մարդկանցից մեկն եք, որն անցնելով հերոսական ուղի, պարտադրել են թշնամուն խաղաղություն եւ դա տեղի է ունեցել ձեր անմիջական մասնակցությամբ։ 1994 թ․ հրադադարի պահից մենք ունենք ազատագրված Արցախ, ունենք մեր մեծ հայրենիքի ազատագրված հատվածներ, եւ այսօր մեր խնդիրն է պահել անվտանգ այդ տարածքները, պահել մեր վերահսկողության ներքո։ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախից եւ եթե մենք Արցախում ունենանք որեւէ անվտանգային խնդիր՝ այն անմիջական ազդեցություն է ունենալու նաեւ Հայաստանի վրա։ Հաշվի առնելով ձեր անցած ճանապարհն ու փորձը, վստահ ենք, որ ձեր ջանքերն ուղղված են լինելու մեր մեծ հայրենիքի անվանգության ապահովմանը», ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Ողջունելով հայաստանյան գործընկերների այցը Արցախ՝ Սամվել Բաբայանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական ուժերի միջև առողջ համագործակցությունը. «Ձևի և բովանդակության միջև ընտրությունը պիտի կանգ առնի բովանդակության վրա: Անկախ քաղաքական ուժի՝ ներքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներից, արտաքին քաղաքական ճակատում մենք պարտավոր ենք հանդես գալ միասնական օրակարգով՝ հանուն մեր հայրենիքի վաղվա օրվա», ասել է Սամվել Բաբայանը: