«Ես էդ նախարարների տեղը լինեի, ամոթից գետինը կմտնեի ու մի հրաժարականի դիմում կգրեի». Սևակ Հակոբյան


15:58 , 13 օգոստոս, 2020

Կառավարության նիստում օճառն անպակաս էր:

Գործադիրը քննարկում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրամադրվում զբոսաշրջային ոլորտին։

Խոսեցին, քննարկեցին, հետո անդրադարձան խախտում կամ ենթադրյալ խախտում իրականացրած/նողներին ու այդ դեպքում գումարի վերադարձին և այլն։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ տնտեսական բացթողում բարձրացրեց էդ ծրագրից բխող, ու պարզվեց, որ ՊԵԿ նախագահը, էկոնոմիկայի նախարարը, մասնագետներն էդ տնտեսական «մանրուքները» չէին հաշվել, ու ամեն մեկն իր հերթին՝ շնորհակալություն, պարոն վարչապետ, որ ճիշտ դիտողություն արեցիք և այլն։ Ստացվեց՝ տնտեսական բլոկը ղեկավարողները էդ հսկայական ծրագիրը կազմել են էնպիսի սխալներով, որ տնտեսությունից կիլոմետրերով հեռու Փաշինյանը հանկարծ ամեն ինչ իր տեղը դրե՞ց։ Ես էդ նախարարների տեղը լինեի, ամոթից գետինը կմտնեի ու մի հատ էլ A4 ֆորմատի թղթի վրա հրաժարականի դիմում կգրեի։

Ընդհանրապես, իմ աչքին արդեն ձևական են կառավարության նիստերն ու քննարկումները։ Կարծում եմ՝ ներսում երկար-բարակ քննարկում են ունենում, ու մի կարևոր դիտարկում էլ պայմանավորվում են, որ հնչեցնի վարչապետը։ Քչերն են, որ չեն սիրի խելացի երևալ մանավանդ էն հարցերում, որից բացարձակ գլուխ չեն հանում։