Ինչո՞ւ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը խորքերում թաքցված․ Ռոբերտ Հայրապետյան


13:21 , 13 օգոստոս, 2020

Քաղաքական կոռուպցիայի բացակայության մասին այս իշխանությունն առաջին անգամ աղաղակեց Լենա Նազարյանի շուրթերով, երբ վերջինս «բանավիճում էր» Արփինե Հովհաննիսյանի հետ։ Դա, իհարկե, զավեշտ էր, քանի որ հենց Լենայի ամուսինն էր դրանից առաջ պաշտոն ստացել պետական համակարգում։ Այդ զավեշտներն, իհարկե, հետագայում թափ առան՝ ընդգրկելով անգամ կենցաղային սպասարկում իրականացնող անձին պետական պաշտոնում նշանակելու փաստը։ Ինչևէ․․․

Երբ ձևավորվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կուսական անբասիրությամբ էին խոսում այդ մարմնի անկախությունից և անաչառությունից․․․ Ու էլի խոսում էին, որ այս իշխանության ժամանակ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը վերացել է։ Բայց հենց այդ հանձնաժողովի անդամ նշանակվեց կառավարական DJ-ի եղբոր այն ժամանակ ընկերուհին, որի մասին լուրերը կարծես մեկ հարվածով պարպվեցին կամ անհաջող փորձերով հերքվեցին։ Եվ ահա բավական վերջերս արտակարգ դրության պայմաններում, երբ անգամ սեփական կարիքներդ հոգում էիր պարետի թույլտվությամբ, իսկ մասսայական միջոցառումներն առհասարակ արգելված էին, Աղաջանյանի եղբայրը և ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը ամուսնացել են։

Հիմա հարց․

1. Ի՞նչ մասշտաբայնության միջոցառում է եղել, որտե՞ղ է այն տեղի ունեցել, և դիմակավորված պետպաշտոնյաներից քանի՞սն են ներկա եղել այդ խնջույքին։
2. Խնամի-ծանոթ-բարեկամը հիմա ի վերջո գործո՞ւմ է այս իշխանության ժամանակ։
3. Ինչո՞ւ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը խորքերում թաքցված: