13:00 , 13 օգոստոս, 2020Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկություններն իրացվել են Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ: Արդյունքում` առաքանին ստանալուց հետո, Երեւանի Հրաչյա Քոչար փողոցից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 1 մասնատված եւ 46 ամբողջական հաբեր:
Նույնանման 19 հաբ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ներմուծված մեկ այլ առաքանուց, որը թիրախավորվել էր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության եւ տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում:
Երկու դեպքերով՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչություն: Կատարվում է քննություն: