Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան չեն համակերպվել տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու․ Տիգրան Աբրահամյան


11:45 , 13 օգոստոս, 2020

Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ամենատարբեր դեմքերի փոխադարձ ինտենսիվ այցեր են։

Հասկանալի է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան չեն համակերպվել տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու։ Համենայն դեպս, փորձելու են։

Հայաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, հանդիպումներն ու զորքերի մարտունակության վիճակի բարձրացմանն ուղղված քայլերը խոսում են այն մասին, որ ռազմական գերատեսչությունում ողջ խորությամբ գիտակցում են իրադրությանը լրջությունը և փորձում են դրան համահունչ քայլեր, միջոցառումներ ձեռնարկել։

Հայաստանի վարչապետը տավուշյան իրադարձություններից հետո կառավարության նիստում գնահատականներ հնչեցրեց տեղի ունեցածի և դրա հետևանքների մասին։ Ախտորոշումը ճիշտ էր, սակայն դրան պետք է քայլեր հետևեն։

Այստեղ խնդիրն այն չէ, որ թուրք-ադրբեջանական հարվածը կլինի 10 օր, 1 ամիս կամ 1 տարի հետո, ակնհայտ է, որ Տավուշում ծավալված գործողություններն ամբողջությամբ չեն հանգուցալուծվել, իսկ մեր արևելյան և արևմտյան հարևանները գոնե արտաքուստ ակտիվ քաղաքական, ռազմական շարժերի մեջ են, որոնք այս փուլում համատեղ զորավարժության ձևով է դրսևորվում։

Պետք է արագ գործել։