Բեյրութում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական 3 միլիարդ դոլար է գնահատվել


15:27 , 11 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասը նախնական 3 միլիարդ դոլար են գնահատել` նույնքան, որքան 2015-ի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հասցրած վնասն էր, հայտնում է Splash-ը:

Չնայած նախորդ երեքշաբթի Բեյրութում տեղի ունեցած պայթյունն ավելի հզոր էր, քան Չինաստանի նավահանգստում 5 տարի առաջ տեղի ունեցած պայթյունը, Տյանցզինում ավելի թանկ բեռներ էին ոչնչացվել, այդ թվում` հազարավոր ավտոմեքենաներ: Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած վթարից հետո ապահովագրության պահանջների չափը մինչ օրս ամենամեծն է խաղաղության պայմաններում նավահանգստի ապահովագրության պատմության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վերջին տվյալների համաձայն` Լիբանանում մահացել է ավելի քան 150 մարդ, շատերը անհայտ կորած են: Բեյրութի նահանգապետը երեկ ասել է, որ զոհերից շատերին, ովքեր կապեր չունեին տեղի բնակիչների հետ, օրինակ` վարորդներին կամ նավահանգստում աշխատող օտարերկրացիներին, հնարավոր չէ նույնականացնել: