13:30 , 7 օգոստոս, 2020
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար
Վ․ Հովհաննիսյանին
Ի պատասխան 06 օգոստոսի 2020թ․ N739 գրության՝ սույնով հայտնում ենք, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարը ձեռնամուխ է եղել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված իր լիազորությունների իրականացմանը ընդամենը երկու տարի անց այն իրադարձությունից, երբ մի խումբ անձինք առանց որեւէ թույլտվության, խախտելով թե՛ սեփականատիրոջ, թե՛ համայնքի օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաեւ Ձեր կողմից վկայակոչված ակտերը, տեղադրել էին ժամանակավոր կառույցներ Ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում։
Տրամաբանորեն հարց է ծագում՝ ինչ պատճառով երկու տարվա ընթացքում վերը նշված օրենքով քաղաքաշինության ոլորտում նախատեսված իր լիազորությունները դիտավորությամբ չի իրականացրել պաշտոնատար անձ հանդիսացող Ջերմուկ համայնքի ղեկավարը՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը քրեական պատասխատավություն է նախատեսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ նույն օրենսգրքի 315-րդ հոդվածը՝ պաշտոնատար անձանց կողմից, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը դիտավորությամբ չկատարելու, դիտավորությամբ վարչական տույժ չկիրառելու համար։ Հասունանում է այն ենթադրությունը, որ պաշտոնեական լիազորությունները չկատարելը տվյալ դեպքում խարսխված է անձնական և խմբային շահերով՝ նպատակ ունենալով ապահովելու հետագա ՏԻՄ ընտրություններում հնարավոր հաղթանակը։ Թերեւս այդ հարցի սպառիչ պատասխանը կտա իրավասու նախաքննության մարմինը։
Ինչ վերաբերում է Ձեր գրության բովանդակային կողմին, Ընկերությունը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ որևէ իրավանորմ, այդ թվում՝ Ձեր կողմից վկայակոչվածները, չի խախտել, Ընկերությունը օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված և երաշխավորված իր օրինական տիրապետման տակ գտնվող գույքի անարգել օգտագործման իրավունքից։