Կորոնավիրուսը չի ուզում հեռանալ Եվրոպայից, եվրոպացին` սոցիալական ակտիվ կյանքից


11:16 , 5 օգոստոս, 2020

Amerikayidzayn.com-ը գրում է․

Եվրոպական որոշ երկրներ են վերադարձել սահմանափակումներն ու արգելափակումները, երբ կորոնավիրուսի երկրորդ ալիքը սկսել է տարածվել այստեղ: Իսպանիայի ամենաշատը տուժած Կատալոնիան այսօր դարձել է նոր էպիկենտրոն: Չնայած տեղաշարժի վերաբերյալ սահմանափակումները կրճատելու փաստին, մի շարք երկրներ իրենց մոտ սահմանել են կարանտին բոլոր նրանց համար, ովքեր վերադառնում են Իսպանիայից:

Կորոնավիրուսի թվի աճ է գրանցվում նաեւ Բելգիայում ու Լյուքսեմբուրգում, եւ ինչպես տեղի հատկապես մեծահասակ մարդիկ են ասում, իրենք սկսել են տնից դուրս գալուց նորից վախենալ:

Տեղի Անթվերփի համալսարանի պատվաստանյութերի ուսումնասիրության հարցերով պրոֆեսոր Պիեռ Վան Դամի խոսքերով, ‘’Եթե չեք հարգում ֆիզիկական հեռավորություն պահպանելու պահանջը, վարակը տարածվում է շատ հեշտությամբ’’: Դրանից հետո, ըստ նրա, կառավարությունները ստիպված են լինում կիրառել ավելի խիստ կանոններ: Դա պատահեց Մեծ Բրիտանիայում, որտեղ նորից արգելվել են տարբեր ընտանիքների անդամների մասնակցությամբ տների ներսում հավաքները: Երկիր, որտեղ ամեն օր գրանցվում է վարակի նոր 4900 դեպք:

Օքսֆորդի համալսարանից դոկտոր Փիթըր Դրոբաքն էլ ավելացնում է, ասելով,’’Որքան մեծանում է վարակի տարածման արագությունը, այնքան պիտի դանդաղի տնտեսությունը վերաբացելու արագությունը’’:

Սակայն եվրոպական որոշ երկրներում, ինչպես օրինակ Հունաստանում եւ Իտալիայում վարակի արագությունը մնում է ցածր, ու այստեղ են շտապում զբոսաշրջիկները: ‘’Մենք այսօր անհոգ հանգստի մասին ենք ուզում մտածել’’, ասում են նրանք ու փորձում չնկատել հիվանդության վտանգը: Դա բացատրվում է նրանով, որ սոցիալական ակտիվ կյանքին սովոր աշխարհը չի կարողանում երկար ժամանակ մնալ մեկուսացման մեջ: Դրանով են բացատրվում սահմանափակումները կրճատելու պահանջով Բեռլինում հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերը, երբ Գերմանիայում կորոնավիրուսը նորից արձանագրում է տարածման արագության աճ: