Բանակը հասարակության ամենօրյա հոգատարության կարիքն ունի


15:03 , 25 հուլիս, 2013

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը մի տեսակ ստվերում թողեց հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում հաճախակիացած` հրադադարի ռեժիմի խախտման խնդիրը: Ճիշտ է՝ գրեթե յուրաքանչյուր օր ադրբեջանական կողմը սահմանագծի տարբեր հատվածներում որոշակի խախտումներ իրականացնում է, սակայն այս անգամ իրավիճակը ուշագրավ էր այն առումով, որ մեկ շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով ադրբեջանական կողմը կրակ բացեց հայկական բնակավայրերի ուղղությամբ:

Նախօրեին առիթ ունեցա հերթական անգամ մեկնելու սահմանամերձ բնակավայրեր, այցելեցի երկրի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող զորամասերից մեկն ու եղա մարտական դիրքերում: Իսկապես ուրախալի է, երբ զինծառայողները, ի տարբերություն մեզ, առավել սառնասրտորեն են մոտենում ոչ միայն հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին, այլև դրա բարձր ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին:
Բանակի հետ անընդհատ առնչվելով` հանդիպել եմ և՛ պատրաստված, գրագետ սպաների, և’ այնպիսններին, որոնց ոչ մի դեպքում երեխայիս կյանքը չէի վստահի: Բարեբախտաբար, պատրաստված ու գրագետ սպաները մեր բանակում մեծամասնություն են կազմում, չնայած` նույնիսկ բանակի ղեկավար կազմում հանդիպել եմ մարդկանց, ովքեր համապատասխան արժանիքներ չեն ունեցել ո’չ միայն ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, այլև առհասարակ բանակում ծառայելու համար:
Իհարկե, լրահոսում մշտապես կարելի է տեսնել, որ այսինչ կամ այնինչ պաշտոնյան այս կամ այն տոնական առիթով գնացել է որևէ զորամաս, շփվել զինծառայողների հետ, սակայն շատ ավելի կարևոր է, երբ պաշտոնյաները մարտական դիրքեր են մեկնում առանց որևէ կոնկրետ առիթի՝ ուղղակի զինվորի կողքին լինելու ու նրան լսելու համար:

Երեկ դեպքերի բերումով մարտական դիրքերում բավականին հուզիչ միջադեպի ականատեսը դարձա: Վերոնշյալ մարտական դիրքում պայմանագրային ծառայություն էր կրում մի զինծառայող, ում հայրը Ղարաբաղյան ազատամարտի տարիներին հենց այդ բարձունքում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում զոհվել էր: Նա մոտեցավ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովին ու նրան ուղեկցողներին ու ամուր սեղմեց հատկապես Կարեն Սարիբեկյանի ձեռքը (ազատամարտիկ, ներկայումս՝ պատգամավոր): Սարիբեկյանն ակնհայտորեն անակնկալի եկավ, որովհետև զինծառայողը բավականին հուզված տեսք ուներ: Այնուհետև զինվորը պատմեց, որ հայրը եղել է Սարիբեկյանի ջոկատից և ինքը` չնայած այդ ժամանակ 8 տարեկան է եղել, գիտի, որ երբ հայրը թեժ մարտերի ժամանակ, շրջափակման մեջ, զոհվել է, նրա դին «կրակի տակից» հենց Սարիբեկյանն է հանել:
Նա հենց այդ ժամանակ էլ որոշել է` զինվոր է դառնալու ու շարունակելու հոր ու նրա մարտական ընկերների գործը:

Բանակը հասարակության ամենօրյա հոգատարության կարիքն ունի, և անկախ պաշտոնական դիրքից պետք է ամեն հնարավոր և անհնարինն անել մեր զինվորների աջակից լինելու համար՝ անկախ այն հանգամանքից` տոնական օր է, թե` ոչ: