21:00 , 3 օգոստոս, 2020XIX դարի վերջին ողջ աշխարհը զարմացած էր չափազանց բարձր ձայնից, որն անհայտ ծագում ուներ և կրկնվեց չորս անգամ: Թե ինչ էր դա իրականում, անմիջապես չհասկացան: Ձայնի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ բազմաթիվ զոհեր եղան: Մինչ օրս այն համարվում է մոլորակի վրա երբևէ լսված ամենաբարձր ձայնը: Բարեբախտաբար, այն այլևս երբեք չկրկնվեց:
Ձայնը «ծնունդ է առել» 1883 թ. Կրակատաու կղզում: Այն կարողացել են լսել ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Անդամանյան և Նիկոբարյան կղզիներում: Կղզիների բնակիչները ձայնը նմանեցրել են կրակոցի ձայնի: Այն տարածվել է ավելի քան 3,000 կմ հեռավորության վրա: Հենց առաջին օրը ձայնի մասին խոսում էին արդեն 50 երկրում:
Երևույթը շատ արտասովոր և անհավանական էր, քանի որ բնության մեջ ձայնն այդքան մեծ հեռավորության վրա տարածվելու բնույթ չունի: Ձայնը տարածվել է անհավանական արագությամբ՝ ավելի քան 1,200 կմ/ժ, ինչի համար հարկավոր է եղել 5 ժամ:

Գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է ֆլուկտուացիա և ինչ-որ մի բարձրությունից կամ հեռավորությունից տատանումներն է բնորոշում: Այսպես, նշյալ ձայներն առաջացել են ճնշման հետևանքով օդի ֆլուկտուացիայի արդյունքում: Այն կետից, որտեղ ծնունդ է առել ձայնը, 160 կմ հեռավորության վրա գտնվել է գազի գործարան: Այնտեղ տեղակայված սարքերը ցույց են տվել, որ մթնոլորտային ճնշումը բարձրացել է 6 մմ սնդ. սյուն, ինչն էլ նշանակում է, որ արտասովոր ձայնի բարձրությունը կազմել է 172 դբ: Սակայն, ինչպես յուրաքանչյուր երևույթ, ձայնը ևս ունի սահմաններ, որոնցից դուրս այն այլևս ձայն չի համարվում: Մեր մոլորակի ձայնային ճնշման սահմանը 194 դբ-ն է:
Ձայնն առաջացել է Կրակատաու հրաբխի ժայթքման արդյունքում: Ժայթքումն այնքան ուժգին է եղել, որ կղզին բաժանվել է մասերի, իսկ դուրս եկած ծուխը տասնյակ կիլոմետրեր դեպի երկինք է բարձրացել: Պայթյունի ալիքը հանգեցրել է ևս մի բնական աղետի՝ ցունամիի, որի ալիքի բարձրությունը կազմել է 30 մ: Ցունամին վայրկենական ավիրել է տասնյակ բնակավայրեր. մոտավոր հաշվարկներով մահացել է 37-120 հազար մարդ: Կղզուց որոշ հեռավորության վրա ժայթքման պահին ծովային նավ է եղել, որի վրա արտասովոր ձայնից լիովին խլացել են բոլոր նավաստիները: