14:12 , 25 հուլիս, 2013Գերմանիայում ոստիկաններն ապշած էին, երբ այս շաբաթ կանգնեցրին մի խումբ հնարագետ, ուրախ երիտասարդների, ովքեր քաղաքում շրջում էին յուրօրինակ լողավազանի վերածված մեքենայով:
Մեքենան նկատվել է Հարավային Սաքսոնիայի Էյբենսթոք քաղաքում` Չեմնիթսի մոտակայքում, մոտոցիկլով շրջող ոստիկանական սերժանտի կողմից:
Ոստիկանը նշել է. «Դա երբևէ իմ տեսած ամենատարօրինակ կերպով ձևափոխված մեքենան էր. առանց տանիքի BMW` փայտով շրջանակված և արհեստական ծաղիկներ ամրացված, իսկ մեջն ամբողջությամբ ջուր էր լցված»:

Բացի վարորդից մեքենայի մեջ եղել է նաև 3 երիտասարդ տղա` ջրի մեջ նստած: Նրանցից մեկը ոտքը չփչփացնում էր ջրում: Պարզվեց, որ բոլորն ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Վարորդը չի կանգնեցրել մեքենան անմիջապես ոստիկանների հրահանգից հետո և փորձել է փախչել, սակայն ի վերջո կայանել է, և տղաները, մեքենայից դուրս թռչելով, փորձել են թաքնվել ոստիկանությունից:

Պարզվել է, որ տղաները հանել են մեքենայի նստատեղերը, այն մաքրել, ջրակայուն նյութով պատել, ներկել լողավազանի կապույտ ներկով ու ջուր լցրել դրա մեջ:
Ի վերջո 27-ամյա երիտասարդը վերադարձել է մեքենայի մոտ` իր կոշիկների և մնացած իրերի ետևից: Իսկ ոստիկաններին տեղեկացրել է, թե ինքը չի եղել չգրանցված մեքենայի վարորդը: Նրան թույլ են տվել վերցնել իրերն ու գնալ` արյան նմուշ վերցնելու դիմաց:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այժմ դեպքը քննվում է, և հետախուզվում է ալկոհոլի ազդեցության տակ լինող չգրանցված մեքենայի վարորդը: Իսկ այն փաստը, որ մեքենան ջրով է լցված եղել, դեռևս քննարկվում է, թե արդյոք դա օրենքի խախտում է, թե ոչ: