Մերձմոսկովյան դատարանը 12 հայի ազատ արձակեց


02:44 , 30 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում քիչ առաջ ավարտվեց դատական նիստը, որում քննվում էր 12 հայ երիտասարդների կալանավորելու խնդիրը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել Լյուբերցի քաղաքում ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ։

Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրեց դատապաշտպան Ռուբեն Կիրակոսյանը, քննչական մարմինները չէին ներկայացրել որևէ ապացույց, որոնք հաստատում էին հայ երիտասարդների մասնակցությունն այդ անկարգություններին։

Սկսված դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է ապացուցել, որ կալանավորման միջնորդությունը անհիմն է, և հայ երիտասարդները անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Դատարանը մերժել է կալանավորելու քննիչների միջնորդությունը` հենց դատարանից ազատ արձակելով հայ երիտասարդներին։

Լյուբերցիում ադրբեջանցիները հուլիսի 24-ին նույնպես փորձել էին հարձակումներ գործել հայերի վրա, սակայն հանդիպելով դիմադրության, այլ սադրիչ միջոցների էին դիմել։ Օրեր անց՝ անկարգությունների գիշերը, պարեկություն իրականացրած 20 հայ երիտասարդների ոստիկանությունը բերման էր ենթարկել, ինչը հայ համայնքի մեծ դժգոհության պատճառ էր դարձել։ Դատական առաջին նիստում ազատ էր արձակվել 7 հոգի։