«Եթե Ջոնին ցանկանում է մենամարտել, ապա թող ինձ իմաց տա». Իլոն Մասկը մարտահրավեր է նետել Ջոնի Դեպին
03:44 , 28 հուլիս, 2020
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մարտահրավեր է նետել հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպին՝ հայտարարելով, որ պատրաստ է նրա հետ մենամարտել, գրում է The Independent-ը՝ մանրամասնելով, որ դերասանը գործարարին մեղադրել է իր նախկին կնոջ՝ Էմբեր Հարդի հետ արտամուսնական կապի մեջ լինելու համար:
Հայտնի է, որ այժմ Լոնդոնի դատարաններից մեկում ընթանում են լսումներ, որոնց շրջանակում հանրության համար բացահայտվում են Դեպի և Հարդի սկանդալային ամուսնության մի շարք շոկային փաստեր:
Դերասանի պաշտպանական խումբը Մասկին մեղադրել է ամուսնացած Հարդի հետ սիրային կապի մեջ մտնելու համար: Դատարանին փոխանցված տեքստային հաղորդագրություններից մեկում Դեպը սպառնում է «կտրել Մասկի առնանդամը»:
«Եթե Ջոնին ցանկանում է մենամարտել, ապա թող ինձ իմաց տա»,-ասել է Մասկը՝ հերքելով իր դեմ բոլոր մեղադրանքները:
«Ես միանշանակ սիրավեպ չեմ ունեցել Էմբերի հետ այն ժամանակ, երբ նա Ջոնիի հետ ամուսնացած է եղել, դա կեղծիք է»,-ասել է գործարարը՝ հերքելով նաև լրատվամիջոցների տարածած տեղեկությունն առ այն, որ Մասկը խմբակային սեռական հարաբերություն է ունեցել Հարդի և մոդել Կառա Դելևինի հետ: