Պաշտոնական Երևանը չի մեկնաբանում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը


16:10 , 27 հուլիս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

«Մենք ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները, այլ ոչ թե այն, ինչ տրվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել։ Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ ԱՄՆ դեսպանատնից հերքում չի տարածվել դեռ, որի պայմաններում կարեւորել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից համապատասխան արձագանքը։ «Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ և փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետևանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից»,- նշել է Ս.Սարգսյանը:

«Փաստինֆո»-ն ԱԳՆ մամուլի խոսնակին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ու թե արդյոք պաշտոնական Երեւանը պատրաստվում է ամերիկյանի կողմի հետ քննարկել այն՝ Ա.Նաղդալյանը նշեց. «Մենք ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները, այլ ոչ թե այն, ինչ տրվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Եթե դուք ունեք Բաքվում Ադրբեջանի դեսպանի այդ հայտարարության վերաբերյալ պաշտոնական որևէ հղում՝ որպես ամերիկյան կողմի հայտնած պաշտոնական դիրքորոշում, ապա ուղարկեք, որպեսզի ես ծանոթանամ դրա բովանդակության հետ»։