«Առավոտ». Երբ «ջիպի» տերը կանգառից անվճար ուղևոր է վերցնում, այդ ուղևորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»


08:09 , 25 հուլիս, 2013

«Առավոտ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք խմբագրականը՝ փոքր կրճատումներով.

«Ցանկացած շարժում՝ լինի դա ազգային-ազատագրական, քաղաքական, բնապահպանական, իրավապաշտպանական կամ, ինչպես հիմա է՝ «լոկալ» նպատակներ հետապնդող, հզոր է այնքանով, որքանով մարդիկ իրար լավ են վերաբերվում։ Վերջին՝ ամենահայտնի «դեպքն է» 2008 թվականին ձևավորված համաժողովրդական շարժումը, երբ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական և անձնական նախասիրություններից, անկեղծորեն ցանկանում էին, որ իշխանությունը չվերարտադրվի և երկրում իսկապես համակարգային փոփոխություններ լինեն։ Որքան խորացավ դավաճանների, «ականների», իշխանության գաղտնի գործակալների, «կոլաբորացիոնիստների» փնտրտուքը, այնքան շարժումը թուլացավ և մարեց։

Խնդիրն այն է, որ պետք չէ խրտնեցնել քո կողմնակիցներին կամ պոտենցիալ դաշնակիցներին չափից դուրս նեղ շրջանակների մեջ դնելով՝ սահմանափակելով այն դոգմաներով և «մանտրաներ» հիշեցնող ձևակերպումներով, կարգախոսներով։ Պետք է ընդունել, որ նույն նպատակի համար մարդիկ կարող են պայքարել տարբեր ձևերով՝ իրենց մտածելակերպին և խառնվածքին համապատասխան։

Այս վերջին՝ «տրանսպորտային» շարժումը շահեկան է նրանով, որ չի սահմանափակում մարդկանց կուսակցական «պոլիտբյուրոներում» մշակված ինչ-որ «ծրագրային դրույթներով» և դնում է շատ կոնկրետ նպատակ՝ քաղաքապետարանը պետք է վերանայի իր որոշումը և պահպանի տրանսպորտի նախկին սակագինը։ Ովքեր կիսում են այդ գաղափարը, տարբեր ձևերով անում են իրենց գործը՝ ինչքան որ ցանկանում են և ինչպես որ ճիշտ են համարում։ Մարդիկ իրար նկատմամբ զգում են որոշակի հարազատություն, և երբ, ասենք, «ջիպի» տերը կանգառից անվճար ուղևոր է վերցնում, այդ ուղևորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»։ Կամ «ոչ աստղը» չի ասում «աստղին»՝ ինչո՞ւ ես դու հայտնի, իսկ ես՝ անհայտ։ Որովհետև մարդ լինելն ու իրար օգնելը ավելի կարևոր է, քան «Բրաբուս» քշելը կամ հայտնի լինելը։

Իսկ ով որ ճիշտ ու բնականոն է համարում 150 դրամ վճարելը կամ, համենայնդեպս, չի պատրաստվում այդ սակագնի դեմ պայքարել... այդ մարդկանց հետ էլ պետք չէ թշնամանալ՝ ծաղրել, ամոթանք տալ, «թասիբի գցել»։ Շանտաժի և ագրեսիայի ամեն մի դրսևորւմ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում։

Ցանկացած շարժում հաջողության կհասնի այն դեպքում, երբ նրա կողմնակիցները կլինեն տարբեր քաղաքական, կրոնական համոզմունքների, սոցիալական հիերարխիայի տարբեր աստիճաններում կանգնած, պետական համակարգում ընդգրկված և չընդգրկված մարդիկ։ Այդ մարդիկ պետք է անկեղծորեն սիրեն և հավատան իրար, նաև հարգեն և հանդուրժեն նրանց, ովքեր այդ շարժման մեջ ընդգրկված չեն։ Ամեն ինչ, կարծես թե, պարզ է։ Իրականացնելն է դժվար»։