Ադրբեջանում Սերբիայի գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ` Սերբիայի կողմից Հայաստանին ականանետներ մատակարարելու լուրերի ֆոնին


16:43 , 20 հուլիս, 2020

Այսօր` հուլիսի 20-ին, Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչը Սերբիայի կողմից Հայաստանին ականանետներ մատակարարելու մասին լուրերի ֆոնին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն և հանդիպում ունեցել փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հանդիպման ժամանակ Խալաֆովը Վեյնովիչին տեղեկացրել է, որ Սերբիայից Հայաստան է տեղափոխվել մեծաքանակ զինամթերք` ներառյալ ականանետներ և տարբեր տրամաչափի զենքեր:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, թե «Սերբիայի այդ քայլը Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանն աջակցություն է դիտվում և ուղղված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»: Նա նշել է, որ նման քայլը «վնաս է հասցնում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին ու ռազմավարական գործընկերությանը»:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Սերբիայից Հայաստան են ուղարկվել տարբեր տրամաչափի ականանետներ: Նշվում է, որ դրանք Հայաստան են հասցվել Վրաստանի տարածքով: