00:48 , 18 հուլիս, 2020Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը շատերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահպանողական կրոնական օրակարգի հաղթանակ են որակում, գրում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ «Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ որոշումից հետո շատերը վախենում են Էրդողանի հետագա քայլերից» վերտառությամբ հոդվածում։
Հոդվածագիր Քրիստինա Յովանովսկին, մեջբերելով բազմաթիվ վերլուծաբանների խոսքերը, հայտնում է, որ այս որոշումը ցույց է տվել, թե որքան հուսահատորեն է Թուրքիայի նախագահը փորձում պահպանել իր ժողովրդականությունը։
«Էրդողանը չի կարող հաց տալ ժողովրդին, նա ավելի շատ արմատական վերաբերմունք է տալիս մահմեդական մեծամասնությանը»,- հեռուստաալիքին ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը։
Փայլանը հեռուստաալիքին հայտնել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին որոշումը փակել է երկրի փոքրամասնությունների համար ապագայի դուռը և խլել է երկրի բազմազանության նկատմամբ հարգանքի խորհրդանիշը: Նրա խոսքով՝ ինքը դադարել է իր հայրենակիցներին պնդել, որ այդ երկրում մնան։
Փայլանը նաև մտավախություն է հայտնել, որ այդ որոշումը կմեծացնի լարվածությունը մահմեդականների և քրիստոնյաների միջև, քանզի Թուրքիայում քրիստոնյաներից խլելու են իրենց պատմության սրբազան խորհրդանիշը:
Էլմիրա Բայրասլին՝ ծագումով թուրք ամերիկուհի, Բարդ քոլեջի Գլոբալիզացիայի և միջազգային հարաբերությունների ծրագրի տնօրենը հայտնել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին որոշումը Էրդողանի «հանցագործությունն» է աճող մարտահրավերների դեմ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը:
Հիշեցնենք, որ 1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: