Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները գրոհել են ՀՀ դեսպանատան վրա․ Yerkir.am


16:09 , 17 հուլիս, 2020

Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի  հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։

Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել, եւ ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փորձել են Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում կազմակերպել՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին, այնինչ առաջարկն ընդամենը 4 հոգի է ստորագրել մոտ 150-ից, եւ ձախողվել է։

Ադրբեջանցի ցուցարարները հավաքվել են ՀՀ դեսպանատան առջեւ։ Նախ՝ ոստիկանների թիվը շատ փոքր է եղել, եւ ադրբեջանցիները ագրեսիվ պահվածքն են դրսեւորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։ Հայ համայնքի ներկայացուցիչների պահանջով ոստիկանների թիվն ավելացել է, եւ կարողացել են սանձել ադրբեջանցի ամբոխին։