15:56 , 24 հուլիս, 2013
Ֆիտնեսով պարապելիս սնունդը պետք է համապատասխանի մարզումների ժամանակ ծախսած էներգիային, հետևապես՝ ընդունած մթերքների կալորիականությունը պետք է վերահսկվի։ Եթե ավելի շատ եք ուտում, քան էներգիա եք ծախսում, ապա քաշն ավելանում է, ճարպակալում է սկսվում, իսկ եթե, հակառակը, ավելի քիչ եք ուտում, քան ծախսում եք, նիհարում եք։ Սրա վրա են խարսխված ֆիզիկական տարբեր ծանրաբեռնումների ժամանակ կիրառվող բոլոր սննդակարգերը՝ դիետաները։
Ֆիթնես-պարապմունքներից անմիջապես երկու-երեք ժամ առաջ հարկ է խուսափել ուտելիքից, պարապմունքներից հետո էլ ցանկալի չէ անմիջապես ուտել։ Սակայն սոված փորին ևս մարզվել խորհուրդ չի տրվում, քանի որ ֆիզիկական ծանր մարզումները հանգեցնում են էներգիայի՝ կենսաուժի պաշարների կրիտիկական նվազմանն ու աշխատունակության անկմանը։
Որպեսզի մարզումներից հետո սովից չուշաթափվեք, կարելի է պարապմունքից առաջ ուտել մի քիչ սև շոկոլադ։ Իսկ խմել կարելի է որքան ուզեք, և ավելի լավ է՝ հանքային ջուր, որպեսզի լրացնեք օրգանիզմում հանքային նյութերի կորուստը։ Մարզումների օրերին անհրաժեշտ է ավելի ժուժկալ լինել, սնունդը սահմանափակել՝ հասցնելով խելամիտ չափի, իսկ մարզումներից ազատ օրերին ուտել սովորականի պես՝ ավելի հաճախ ու ոչ մեծ չափաբաժիններով։
Եթե ցանկանում եք ավելի արագ արդյունքի հասնել, ձեր օրաբաժնից բացառեք յուղալի, քաղցր, ալյուրից ուտեստները։ Ինտենսիվ մարզումների դեպքում անհրաժեշտ լիարժեք ֆիթնես սնունդը պետք է պարունակի մարդուն անհրաժեշտ տարբեր նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքանյութեր, վիտամիններ և ջուր։ Այս բաղադրիչներից մեկնումեկի պակասի դեպքում մարդու բնականոն, որակյալ կյանքը բացառված է։
Շատ կարևոր է այս բաղադրիչների քանակական համակցությունը, քանի որ այս կամ այն նյութի գերավելցուկը կամ պակասը անբարենպաստ է ազդում առողջության վրա։ Ֆիթնես սնունդը, եթե պարապում եք մասնագիտացված կենտրոնում, կարող եք վերահսկել որակավորված մասնագետների օգնությամբ, որոնք յուրաքանչյուրին անհատական խորհուրդներ են տալիս օրաբաժինը կազմելու, սնունդ ընդունելու ռեժիմի և անհրաժեշտ ֆիզիկական ծանրաբեռնվածության վերաբերյալ։
Պրոֆեսիոնալների խորհուրդներին հետևելով՝ դուք ձեզ հիանալի կզգաք։ Մարմնով մեկ տարածված թեթևության և առույգության զգացողությունը արմատապես կփոխի ձեր հոգեվիճակը, իսկ ուշադիր վերաբերմունքը մտերիմների և սեփական առողջության հանդեպ կենսակերպ կդառնա։