Կոչ ենք անում ԱԱԾ-ին պարզել տեղեկության սկզբնաղբյուրը, ըստ որի՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել


14:30 , 16 հուլիս, 2020

Հանրության և ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Յութուբ» վիդեո-հարթակում ինչպես իրական, այնպես էլ առերևույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել։

Ազգային անվտանգության ծառայությանը նաև կոչ ենք անում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ընթացակարգերով պարզել այդ տեղեկության սկզբնաղբյուրը, այս պահին նման լուր շրջանառելու դրդապատճառը և արդյունքում քրեական պատասխանատվության կանչել կա՛մ թշնամու հետ համագործակցողներին (եթե կհաստատվի այդ վարկածը), կա՛մ ներքին պառակտում ու թշնամանք հրահրողներին (եթե կհաստատվի այդ տեղեկության կեղծ լինելու վարկածը)։