Հանրությունն ավելի ու ավելի է կարողանում տարբերել տեղեկատվությունն ապատեղեկատվությունից. վարչապետ


12:20 , 16 հուլիս, 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը սահմանային իրավիճակով պայմանավորված՝լրատվամիջոցների աշխատանքը մտահոգիչ է համարում։ Կառավարության նիստում նախարարը նշեց, որ տարբեր լրատվություններ տարբեր ձևերով տարբեր բաներ են հաղորդում:

«Մենք խնդիր ունենք։ Սխալ տեղեկատվություն են տալիս, ուրիշ բաներ են գրում, ադրբեջանցի մահացած զինվորների նկարները գցելը մեր կայքերը չեմ հասկանում, չեմ կարողանում ընկալել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ցոլակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դա առանձին քննարկման նյութ է։ Վարչապետի խոսքով՝ մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է ու նրանք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից։ «Պետք է քննարկել, թե ազգային անվտանգության տեսանկյունից ինչ մարտահրավերներ են առաջանում ու նման աշխատանք արվում է։ Պետք է նայել, թե ինչպիսի քայլեր կան, որ կառավարությունը պետք է ձեռնարկի այս առումով, բայց, իհարկե, առանց մեր համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար արժեքներ են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, վարչապետը հարցադրում կատարեց. «Համոզված ենք արդյոք, որ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները ՀՀ քաղաքացիներ են կամ, ընդհանրապես, քաղաքացիներ են»։