Արտասահմանցի ուսանողները չեն կորցնի ամերիկյան վիզաները


10:41 , 16 հուլիս, 2020

Amerikayidzayn.com-ը գրում է․

ԱՄՆ-ի ամենահայտնի երկու համալսարանները մեծ հաղթանակ տոնեցին, երբ իրենց բողոքների ներքո նախագահ Թրամփի վարչակազմը համաձայնվեց կասեցնել առցանց ուսման անցած հաստատությունների արտասահմանցի ուսանողներին երկրից արտաքսելու որոշումը:

Վարչակազմի կողմից հուլիսի 6-ին հրապարակված որոշումը, ըստ որի երկրից պիտի հեռանային ուսանողական վիզաներով այստեղ գտնվող անձինք, դարձել էր բողոքի մեծ ալիքի պատճառ, երբ ամեն օր ավելանում էր այդ որոշման դեմ դատական հայց ներկայացնող համալսարանների ու քոլեջների թիվը: Բողոքի ալիք, որին էին միացել քաղաքական բազմաթիվ գործիչներ, արհեստակցական միություններ: Նրանց շարքում էր նաեւ ԱՄՆ-ի Առեւտրի պալատը, ըստ որի, իրենք գոհ են այդ որոշումը հետ կանչելու ներքին գործերի նախարարության հայտարարությունից:

Ներքին գործերի նախարարության եւ Ներգաղթի ու սահմանային վերահսկողության ծառայության դեմ դատական հայցերով էին հանդես եկել Հարվարդի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը:

Դատարաններ բողոքներ էին ներկայացրել նաեւ 17 նահանգներ եւ մայրաքաղաք Վաշինգտոնը, Նյու Յորքի գլխավոր դատախազը: Այս արշավին էին միացել ‘’Ֆեյսբուք’’, ‘’Գուգըլ’’, ‘’Մայքրոսոֆթ’’ ընկերությունները, Ուսուցիչների ամերիկյան դաշինքը եւ հայտնի այլ կազմակերպություններ ու ընկերություններ:

Ինչպես բարձրագույն կրթության պատասխանատու անձինք են ասում սակայն, սրանով պայքարն ավարտված համարել չի կարելի եւ պետք է շարունակվի, հետագայում նման որոշումներ թույլ չտալու համար:

Արտասահմանցի ուսանողներին վիզաներից զրկելու Սպիտակ տան որոշումը չեղարկելու մասին վարչակազմը պատճառներ չի հաղորդում, սակայն պարզ է, որ այն ընդունվել է հասարակական ուժեղ ճնշման ներքո: Այժմ այս ուսանողներն, ինչպես ամերիկացի իրենց դասընկերները, դասընթացներին կմասնակցեն տնից, առանց ԱՄՆ-ից ստիպված ու պարտադրաբար հեռանալու:

Ինչպես Համալսարանների ընկերակցության նախագահ Փիթըր ՄաքՖերսոնն է ասում, Միացյալ Նահանգները պետք է շարունակի ցույց տալ, որ այստեղ ողջունում է միջազգային ուսանողներին եւ ընդունում տեղի համալսարաններին նրանց բերած հսկայական ավանդը:

Հարվարդն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը հայտարարել են, թե իրենք եւ իրենց ուսանողները կանգնել էին ‘’անբուժելի վիրավորանքի’’ հնարավորության առջեւ, եթե կառավարության կայացրած որոշումը չչեղարկվեր:

Ամերիկայում այսօր սովորում է արտասահմանցի ավելի քան մեկ միլիոն ուսանող, որոնց 57 տոկոսը Չինաստանից են, Հնդկաստանից ու Հարավային Կորեայից:

Սակայն հիմա կա մտավախություն, որ նոր ուսումնական տարվա ընթացքում նրանց թիվը կկրճատվի ոչ միայն վարչակազմի կողմից որդեգրված քաղաքականության արդյունքում, այլ նաեւ կորոնավիրուսի պատճառով ամերիկյան հյուպատոսությունները փակ լինելու, ճամփորդությունների արգելքի ու այլ դժվարությունների հետեւանքով: