Նախորդ տարվա համեմատ 80 տոկոսով նվազել է ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը. Ընկերության ղեկավար


19:48 , 10 հուլիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանողների համար տարին բարենպաստ չի եղել,  Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Գրին Վեյ Լոջիսթիքս» և «Պեգաս տրանս» ընկերությունների ղեկավարները։

«Նախորդ տարվա համեմատ արտահանումն 80 տոկոսով նվազել է։ Կոնկրետ մեր ընկերությունում արտահանման նվազումը կազմել է այդքան», - ասաց «Պեգաս տրանս» ընկերության ղեկավար Ջուլիետա Ղազարյանը։

Նա նշեց, որ արտահանում են Հայաստանում արտադրվող գրեթե բոլոր տեսակի պտուղ-բանջարեղենը: 

Արտահանման ծավալների նվազումը, Ջ. Ղազարյանի կարծիքով, պայմանավորված է արտակարգ իրավիճակով։

«Մարտ ամսից, անկեղծ ասած, ներմուծումն ենք բավական նորմալ ծավալով իրականացրել։ Իսկ արտահանման սեզոնին, երբ պետք է մրգերն արտահանեինք, նվազումը նկատելի էր։ Հիմնական պատճառն այն է, որ սահմանը փակ է, գյուղացիները չեն կարողանում իրենց վաճառողին ուղարկել ՌԴ տարբեր քաղաքներ։ Միայն բեռնատարի վարորդին են թույլատրում անցնել սահմանը, բեռնատարի վարորդի հետ էլ բեռ են ուղարկում այն մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում և վստահում են իրեն, դա ոչ 1000, ոչ էլ 2000 դոլարի ապրանք է, խոսքը մեծ գումարի մասին է», - ասաց Ջուլիետա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հիմնականում ապրանքը Ռուսաստանի Դաշնություն են արտահանել.

«Այս տարի ընդամենը մեկ մեքենա ապրանք ենք ուղարկել Սոչի, մեքենան հետ է եկել, որովհետև տուրիստ չկա, հետևաբար նաև վաճառք չկա»։

«Պեգաս տրանս»-ի ղեկավարն ասաց, որ իրենց խնդիրները դեռևս որևէ մեկին չեն ներկայացրել:  

«Մյուս ընկերությունների մոտ ևս այս իրավիճակն է։ Ընդհանուր տնտեսական վիճակն է այսպիսին։ Խնդրի լուծումն, ըստ իս, սահմանների բացումով է միայն հնարավոր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ