ԱՀԿ-ն նոր զեկույց է ներկայացրել կորոնավիրուսի՝ մի մարդուց մյուսին փոխանցման վերաբերյալ


00:28 , 10 հուլիս, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի նոր գիտական զեկույց է ներկայացրել՝ մանրամասնելով, թե ինչպես կարող է կորոնավիրուսը փոխանցվել մի մարդուց մյուսին, այդ թվում և օդային ճանապարհով որոշակի բժշկական ընթացակարգերի ժամանակ:

Ինչպես փոխանցում է CNN-ը, զեկույցում նշվում է, որ դեռևս շատ անպատասխան հարցեր կան օդային ճանապարհով փոխանցման վերաբերյալ և այն հարցի շուրջ, թե ինչպես է հստակ տարածվում վիրուսը:

«Վիրուսի օդային ճանապարհով փոխանցումը կարող է տեղի ունենալ առողջապահական պայմաններում, որտեղ հատուկ բժշկական գործընթացների ժամանակ աերոզոլներ կոչվող շատ փոքր կաթիլներ են արտադրվում: Մի շարք զեկուցումներ փակ բազմամարդ տարածքներում վարակման դեպքերի մասին խոսում են աերոզոլային փոխանցման հավանականության մասին՝ համակցված կաթիլային փոխանցման հետ, ինչպես օրինակ՝ երգչախմբի փորձի ժամանակ, ռեստորանում կամ մարզասրահում»,- ասվում է ԱՀԿ նոր զեկույցում:

Նշվում է նաև, որ ներկայիս տվյալները փաստում են, որ կորոնավիրուսի փոխանցումը տեղի է ունենում վարակված մարդկանց հետ անմիջական և ոչ անմիջական շփման պարագայում, օրինակ երբ վարակված անձը հազում է, փռշտում է, խոսում կամ երգում է: Վարակվածների շնչառական կաթիլները կարող են մնալ նաև առարկաների մակերեսներին: