Գլուխ գովալու փոխարեն, գոնե կարողանանք այդ մի քանի կիսաքանդ ամրոցներն ու եկեղեցիները պահենք


10:13 , 24 հուլիս, 2013

Երևանի նախկին փոխոստիկանապետ

Երբ օգտվում եմ ս.Սարգիս եկեղեցուն հարող ստորգետնյա անցումից, մտնում կենտրոնի շատ շենքերի մուտքերը կամ բակային նեղ անցումները ցավում եմ, որ հակագազ, ռեսպերատոր կամ գոնե բժշկական դիմակ չեմ վերցրել: Նաև անմիջապես մոռանում եմ հայերի դարավոր մշակութային արժեքների, հայերի զարգացած լինելու, դաստիարակության, առանձնահատուկ ազգ լինելու մասին ականջ սղոցող հայտարարությունների մասին…
Նման <<առանձնահատուկ հայերից>> շնորհակալ եմ և այդ մասին գոռալու, գոչալու և գլուխ գովալու փոխարեն դաստիարակեք ձեր <<առանձնահատուկներին>>, տարրական քաղաքավարություն, վարվեցողության կանոններ սովորեցրեք` ընտանիքներում, մանկապարտեզներում, ուսումնական հաստատություններում, աշխատավայրերում: Ամեն քայլափոխի, ամեն պահ յուրաքանչյուրդ դաստիարակեք, դիտողություն արեք ձեր համաքաղաքացիներին…Որպեսզի հասկանան ի վերջո, որ իրենք մարդ են, անասուն չեն չմիզեն շենքերի մուտքերում, անցումներում, գոնե մարդավայել պահեն իրենց եկեղեցիների մերձակայքում…
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, հայկական ճարտարապետությունն ուրիշ է, ճարտարապետական կոթողներ ունենք, ոչ մեկը չունի…Ում են պետք այդ գովեստները, սին պատրանքներն ու հայի գենի, առանձնահատկության վերաբերյալ հիշողությունները?: Իսկ իտալացիները, հույները, հնդիկները, չինացիները, մյուսներն ինչ ասեն?...
Գլուխ գովալու փոխարեն, գոնե կարողանանք այդ մի քանի կիսաքանդ ամրոցներն ու եկեղեցիները պահենք…Կկարողանանք?...Կասկածում եմ, մենք հազիվ այդ քիչումիչ հուշարձանների պատերին հիմար, ապուշ գրառումներ անենք…
Իսկ գլուխ գովալ, պարծենալ պետք չի, անցել են այդ ժամանակները, սթափ է պետք նայել աշխարհին, ժամանակն է հանել գունավոր ակնոցները…