Կինը թունավորել է ավելի քան 600 տղամարդու. նա ոչ մի անձնական խնդիր չուներ, պարզապես բիզնեսով էր զբաղվում


20:30 , 9 հուլիս, 2020

Եվրոպայում XVII դարում գաղտնի սպանելը ամուսնուն հաճախ համարվում էր «ամուսնալուծվելու» միակ եղանակը: Պահանջարկն առաջարկ էր ծնում. ի հայտ էին գալիս մարդիկ, որոնք օգնում էին լուծել այդ «կենցաղային» խնդիրը: Կապարից, բելլադոննայից և սնդիկից պատրաստված խառնուրդն անվանում էին Aqua Tofana իտալացի «թունավորիչ» Ջուլիա Տոֆանայի պատվին:

Կինն ապրում էր Պալերմոյում՝ Սիցիլիայում: Հնարավոր է՝ մասնագիտությունը ժառանգել էր մորից, ում 1633 թ. մեղադրել են ամուսնուն թունավորելու մեջ և մահապատժի են ենթարկել: Aqua Tofana թույնը հրաշալի էր գործում. այն անգույն հեղուկ էր, որը չուներ համ ու հոտ, հեշտ էր խառնելը ուտելիքի կամ ըմպելիքի հետ: Հասուն տարիքի մարդուն սպանելու համար բավարար էր այս թույնի ընդամենը 4-6 կաթիլը: Անհայտ է՝ ինչպես էր Ջուլիան ստացել բաղադրատոմսը: Ըստ վարկածներից մեկի՝ նա դա պատրաստում էր մոր բաղադրատոմսով, ըստ մյուսի՝ ինքնուրույն էր ստեղծել թույնը:

Ջուլիան թույնը վաճառում էր «Սուրբ Նիկոլայի մանանա» անվան ներքո: Հիմնական հաճախորդները կանայք էին, որոնք ցանկանում էին վերջ դնել դժբախտ ամուսնությանը: Նրանք Ջուլիայի կոնտակտներով կիսվում էին միայն հուսալի ու վստահելի ընկերուհիների հետ: Բիզնեսը հրաշալի ընթացք ուներ: Տոֆանան իրեն օգնող դստեր հետ սկզբում հիմնվել էր Նեապոլում, ապա՝ Հռոմում:

1659 թ. ամեն ինչ տապալվեց: Կանանցից մեկը թույնը լցրել էր ամուսնու ուտելիքի մեջ և վերջին վայրկյանին մտափոխվել: Ամուսինը ստիպել էր նրան ամեն ինչ պատմել և տեղեկությունները փոխանցել էր Պապական իշխանությանը: Կինն իրեն հայտնի ամեն ինչ պատմել էր Ջուլիա Տոֆանայի և «Սուրբ Նիկոլայի մանանայի» մասին: Ըստ վարկածներից մեկի՝ երախտապարտ հաճախորդներն այդ մասին հասցրել էին ժամանակին տեղյակ պահել Ջուլիային, և վերջինս թաքնվել էր վանքում: Նրան բռնեցին այն բանից հետո, երբ շշուկներ տարածվեցին, թե Տոֆանան թունավորել է քաղաքի բոլոր ջրերը: Կատաղած ամբոխը մտավ վանք և ուժով կնոջն այնտեղից դուրս հանեց:

Ջուլիա Տոֆանան խոշտանգումներից հետո խոստովանեց, որ թունավորել է ավելի քան 600 տղամարդու 1633-1651 թթ. ընթացքում: Նրան Հռոմում մահապատժի ենթարկեցին դստեր հետ միասին: Դրանից հետո խնդիրներ առաջացան նրա հաճախորդների հետ կապված. նրանցից ոմանց նույնպես մահապատժի դատապարտեցին: