ԿԸՀ-ն իրավասու է այլ անձի մանդատ տրամադրել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում. Մուկուչյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ի մեկ մանդատի վերականգնումը մերժելու մասին


16:39 , 8 հուլիս, 2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատների բաշխումը տեղի է ունենում մեկ անգամ, ընտրության արդյունքներն ամփոփվել են, մանդատների թվաքանակը հստակ բաշխվել է, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարողանում է և իրավասու է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ խմբակցության մեկ մանդատը վերականգնելու դիմումի մերժմանը:

Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան»-ի պնդումներից մեկն այն է, որ խորհրդարանում չկա անկախ պատգամավորի ինստիտուտ, Մուկուչյանն արձագանքեց, թե դիմումի մեջ կան տարբեր մեկնաբանություններ և ձևակերպումներ. «Խնդիրը հետևյալն է՝ ԿԸՀ-ն ընդունել է հստակ որոշում, սահմանել է մանդատների քանակ, այդ որոշումը որևէ մեկը չի վիճարկել, այն մինչ օրս ուժի մեջ է, և դրանում ոչ մի փոփոխություն չկա»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք ներկա իրավական վիճակը չի հակասում այդ որոշմանը, Մուկուչյանն արձագանքեց, թե յուրաքանչյուր հարց, որը բարձրացվում է, առաջին հերթին պետք է որոշակի ձևակերպում ստանա, և դիմում տրվի այն իրավասու մարմնին, որը դրա հասցեատերն է: «ԿԸՀ-ն լրացուցիչ մանդատ տալու իրավասություն չունի»,-կրկնեց նա:

Ի պատասխան հարցի, թե ԿՀԸ-ն չէ՞ր կարող նախադեպային որոշում կայացնել, որպեսզի բացառեր այլ պատգամավորների՝ խմբակցություններից դուրս գալը, Մուկուչյանն արձագանքեց. «ԿԸՀ-ն պետական մարմին է և պետք է կայացնի ոչ թե նախադեպային որոշումներ, այլ որոշումներ, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրության պահանջներին»:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան»-ից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը: Արման Բաբաջանյանը խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր 2019 թվականի սեպտեմբերի 6-ին: