Պայթյուն է որոտացել Թուրքիայի հետ սահմանային սիրիական Թել-Աբյադ քաղաքում


00:27 , 8 հուլիս, 2020

Ականապատ մեքենա է պայթել Թուրքիայի հետ սահմանային Թել-Աբյադ քաղաքում՝ Ռաքքա նահանգի հյուսիսարևելյան հատվածում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դեպքի վայրում իր աղբյուրին, նախնական տվյալների համաձայն՝ 8 մարդ մահացել է, 27-ը՝ վիրավորվել:

Սիրիական «Ալ-Վաթան» պարբերականի տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով մի քանի գրոհային է սպանվել, ինչպես նաև երկու խաղաղ բնակիչ է զոհվել:

Պայթուցիկը գործարկվել է ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից: Պայթյունը որոտացել է հրապարակում, որտեղ նախկինում տեղակայված է եղել քրեական ոստիկանության շենքը:

Նշվում է, որ Թել-Աբյադ քաղաքում վերահսկողություն են հաստատել թուրքամետ անօրինական զինված խմբավորումները: