Ինչո՞ւ է Վրաստանը հաղթահարում համավարակը, իսկ Հայաստանում դեռ հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում


19:49 , 7 հուլիս, 2020

168.am-ը գրում է․

Մինչ Հայաստանում շարունակում են արձանագրվել կորոնավիրուսով հիվանդացության հարյուրավոր դեպքեր ամեն օր, Վրաստանում հայտնաբերվում են հատուկենտ դեպքեր։

Ավելին՝ մի շարք վրացական և միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վրաստանը կորոնավիրուսը հաղթահարած և դրա դեմ ամենահաջող պայքար մղած երկրներից մեկն է, չնայած ոչ այնքան կայուն առողջապահական համակարգի առկայությանը։ Օրինակ, հուլիսի 2-ին, ըստ վրացական ԶԼՄ-ների, գրանցվել է վարակի 8 նոր դեպք, ապաքինվել է կորոնավիրուսով ավելի վաղ վարակված 23 մարդ, ինչը, նույն այդ ԶԼՄ-ների գնահատմամբ, մեծ թիվ է վերջին օրերի վիճակագրության համեմատ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում արձանագրված վարակի դեպքերը 939-ն են: Վարակից մահացության ցուցանիշը 15 է: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 817: Իսկ Հայաստանում համավարակի մեկնարկից սկսած արձանագրվել է հիվանդացության 29 285 դեպք։

168am քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլիի հետ փորձեց հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ հարևան երկրներում կորոնավիրուսային վիճակագրության նման տարբերություններ կան, և ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանը գրեթե հաղթահարում է համավարակը, պատրաստ լինելով, այդ թվում, վարակի երկրորդ ալիքին, թուլացնելով սահմանափակումները, իսկ Հայաստանում գուցե նոր թափով վերադառնան խիստ սահմանափակումները։

Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ այդ հարցին լիարժեք պատասխանելու համար պետք է տեղյակ լինել երկու երկրների առողջապահական համակարգերի վիճակից, բոլոր այն քայլերից, որոնք իրականացրել են կողմերը, և ինչ որակով, որը մասնագետներն ավելի լավ կանեն։

«Սակայն ես կասեմ, թե ինչ տարբերությունների շնորհիվ երևի թե ավելի հաջող է Վրաստանում իրավիճակը, քան, ցավոք սրտի, Հայաստանում։ Վրաստանը շատ վաղ շրջանում փակեց իր սահմանները և սկսեց հակահամաճարակային գործողություններ երկրի ներսում։ Դա այն ժամանակ էր, երբ առաջին դեպքերը գրանցվեցին Իրանում։ Բոլոր բերված դեպքերը տեղում մեկուսացվեցին և ներքին բռնկման պատճառ չդարձան, թեև քիչ չեն այնպիսիք, ովքեր քննադատում են նաև այս ամենի արդյունավետությունը և ոչ բավարար որակում այս ամենը։ Այս քայլերը կարևոր էին, քանի որ բոլոր դեպքերը բերվում էին այլ երկրներից, հենց այդ պատճառով շեշտը դրվեց սահմանների և մեկուսացման վրա։ Եվ քանի որ դեպքերը շատ քիչ էին, հնարավոր եղավ ապահովել մեկուսացման ռեժիմ Վրաստան մուտք գործողների համար, ինչը մինչ այժմ շարունակվում է։ Զբոսաշրջության համար ևս Վրաստանը բացվում է օգոստոսից, բայց այստեղ ևս մշակված մոտեցում կա, բոլորն անցնելու են թեստավորում, և ոչ բոլոր երկրների համար է բաց լինելու․ Վրաստանն ամեն դեպքում բոլոր սահմանափակումները շատ քիչ-քիչ թուլացրեց։ Հուսանք, որ այս դրական ֆոնը կպահպանվի, և Հայաստանում ևս առաջընթաց կգրանցվի, և կկարողանանք խուսափել երկրորդ ալիքից։

Հուսանք, Հայաստանում էլ այնպիսի իրավիճակ կլինի, որ օգոստոսի 1-ից հնարավոր կլինի վերաբացել ցամաքային հաղորդակցությունը։ Վրաստանը որոշել էր հուլիսի 1-ից բացել օդային և ցամաքային հաղորդակցությունը, սակայն հետաձգեց իր այդ որոշումը՝ աշխարհում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։ Սրանք են ընդհանուր առմամբ եղել մեր քայլերը»,- ասաց Մենագարիշվիլին։

Ըստ նրա՝ ձեռնարկված միջոցառումներից շատ բան է կախված։ Սակայն, քաղաքագետի խոսքով, պետք է ընդունել նաև այն, որ սա լիովին կառավարելի գործընթաց չէ, քանի որ լիովին տեղյակ չենք, թե վարակը ո՛ր երկիր երբ է թափանցել և ինչպես տարածվել։

«Որքան ես հասկացա այս ամիսների ընթացքում, ամենավտանգավորը ներքին տարածումն է, որը պրոցեսը դարձնում է անվերահսկելի։ Այս պահին կարևորն այն է, որ պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները՝ պատրաստվելով այդքան քննարկվող երկրորդ ալիքին, և այն դիմավորել շատ ավելի պատրաստված, քանի որ սրա դեմ պայքարի փորձն արդեն կա։ Շատ է խոսվում, այդ թվում՝ ԱՀԿ պաշտոնյաների կողմից, որ երկրորդ ալիքը գուցե ավելի հուժկու լինի, սակայն, իմ կարծիքով, կորոնավիրուսի երկրորդ հարվածից հնարավոր է խուսափել։ Դա կարող է անել և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը․ վստահ եմ։ Հուսանք, որ այդպես էլ կլինի։ Մինչ այդ կարևոր է նաև հաղորդակցության վերականգնմանը զուգահեռ՝ այնպիսի քայլեր մշակել, որպեսզի արձակուրդային սեզոնին այլ երկրներից նոր դեպքեր չգան մեր երկրներ, դրա համար կան բազում միջոցառումներ, կարծում եմ՝ դրանք խիստ անհրաժեշտություն են հենց այս շրջանում»,- ասաց Մենագարիշվիլին։