18:24 , 23 հուլիս, 2013Բրիտանական միապետության ավանդույթներն ու պատմությունը զարմանահրաշ են նույնիսկ նրանց համար, ում վրա դրանք չեն տարածվում: Ստորև տրված են ամենահիանալի և անսովոր ավանդույթները:
10. Ինքնիշխանը երբեք չի մահանում

Թեպետ առանձին միապետներն, անշուշտ, մահանում են, Ինքնիշխանը, այսինքն` իշխող միապետը, երբեք չի մահանում: Շնորհիվ այն համակարգի, որով գործում է Բրիտանական միապետությունը, հենց որ մի թագավորը կամ թագուհին մահանում է, հաջորդը անմիջապես փոխարինում է նրան:
9. Էլիզաբեթ II և Էլիզաբեթ I ու II

Սկսած այն ժամանակից, երբ Շոտլանդիայի Ջեյմս VI-ը ժառանգեց Անգլիայի թագավորի կոչումը, միապետները տարբեր թվեր են օգտագործել Անգլիայի և Շոտլանդիայի համար: Շոտլանդիայի Ջեյմս VI-ը միաժամանակ Անգլիայի Ջեյմս I –ն էր: Քանի որ Էլիզաբեթ թագուհի չի եղել Շոտլանդիայում, բայց եղել է Անգլիայում, ներկայիս թագուհին միաժամանակ Էլիզաբեթ I և II է:
8. Թագուհի և թագավոր

Երբ կա թագավոր, նրա կինը թագուհի է, բայց հիմա ունենք թագուհի, բայց նրա ամուսինը թագավոր չէ՞: Մի բան կա, որ միշտ հանգեցնում է թյուրըմբռնումների: Պատճառը շատ պարզ է: Ամուսնության ժամանակ կինը սովորաբար իր ամուսնու անունն ու կոչումն է վերցնում: Բայց հակառակը չի լինում: 1947 թ.-ին այն ժամանակ դեռևս արքայադուստր Էլիզաբեթը ամուսնացել էր Ֆիլիպ Մաունթբեթենի հետ: Որպեսզի Ֆիլիպը տիտղոս ունենար, Էդինբուրգի դքսի տիտղոսը հանձնվեց նրան: Այլապես նա կմնար Ֆիլիպ Մաունթբեթենի (նա չէր կոչվի Հունաստանի Ֆիլիպ արքայազն, քանզի նա ստիպված էր հրաժարվել իր հունական տիտղոսներից և կրոնից Անգլիայի եկեղեցում արքայադուստր Էլիզաբեթի հետ ամուսնանալու համար):
7. Միապետի իշխանական անունը

Երբ նոր մենիշխանը անցնում է գահի, նախկին արքայի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներից հետո առաջին հարցն այն է, թե ինչ անվան տակ նոր միապետը կցանկանա կառավարել երկիրը: Սա նորընծա արքայի սեփական ընտրության հարց է և կապված չէ արքայի առաջին անվան հետ: Այլ անվամբ հանդես եկող աշխարհահռչակ միապետերի շարքին են դասվում Վիկտորիա թագուհին (ով Քենթի արքայադուստր Ալեքսանդրինան էր), Ջորջ Չորրորդ թագավորը (ով արքայազն Ալբերտն էր` Յորքի կոմսը) և Էդվարդ VIII թագավորը (ով Վեյլսի արքայազն Դեյվիդն էր): Տարբեր անունները երբեմն ընտրվում են հատուկ պատճառներով: 1936 թ.-ին արքայազն Ալբերտը որոշեց թագավորել իբրև Ջորջ VI թագավոր` ուշադրություն հրավիրելու համար շարունակականության վրա այն բանից հետո, երբ նրա եղբայրը հրաժարվեց գահից: Ակնկալվում է նաև, որ արքայազն Չարլզը կթագավորի որպես Ջորջ VII թագավոր, ոչ թե որպես Չարլզ III թագավոր, քանզի Չարլզ թագավորի հետ կապված են բացասական կոնոտացիաներ: Չարլզ Առաջինը գլխատվել է, իսկ Երկրորդն էլ հայտնի է եղել իր ազատաբարո ապրելակերպով: Երրորդը` հայտնի որպես Գեղեցիկ Արքայազն Չարլի, այդպես էլ չդարձավ թագավոր:
6. Միացյալ Թագավորությունը չունի գրավոր սահմանադրություն

Եթե ասեի, որ Միացյալ Թագավորությունը սահմանադրություն չունի, դա չափազանցություն կլիներ: Այն իհարկե ունի սահմանադրություն, բայց ոչ այնպիսին, ինչպիսին կարելի էր ակնկալել: Միացյալ Թագավորությունը չունի և ոչ մի գրավոր փաստաթուղթ, որ կկազմեր նրա սահմանադրությունը: Սահմանադրությունը կազմվում է Պառլամենտի զանազան ակտերի և ավանդույթների միջոցով: Սա առաջացրել է հակասություն անորոշության և խճճված լինելու պատճառով:
5. Թագուհու տունը միապետինը չէ

Սկսած այն ժամանակվանից, ինչ Վիկտորիա թագուհին թագուհի դարձավ 1837-ին, Բուքինգեմյան պալատը միապետի պաշտոնական նստավայրն է: Թեպետ սա այն վայրն է, ուր միապետն ապրում է, սա այն տեղը չէ, որտեղ հիմնված է միապետությունը: Մինչև Բուքինգեմյան պալատի գործածության դրվելը միապետի գահանիստը Բուքինգեմյան պալատից մի քանի մետր հեռու գնտնվող Սուրբ Ջեյմսի պալատն էր: Երբ Վիկտորիա թագուհին տեղափոխվեց պալատ, Թագավորական դատարանը մնաց Սուրբ Ջեյմսի պալատում, և քանի որ Սուրբ Ջեյմսի պալատը Բրիտանական միապետության նստավայրն է, այնտեղ է նորընծա թագավորի կամ թագուհու թագադրությունը կատարվում:
4. Թագուհու թիկնապահները

Երբ մտածում ես Լոնդոնի կամ նույնիսկ Անգլիայի մասին, առաջին բանը, որ մտքովդ անցնում է, բարձրահասակ, Բուքինգեմյան պալատի դրսում միայնակ կանգնած կարմիր վերարկուով զգեստավորված ժամապահի պատկերն է: Այս ժամապահները բրիտանական բանակի իրական զինվորներ են: Պարզապես այնպես է ստացվել, որ իրենց աշխատանքի կեսը ծիսական է և մյուս մասը` հետևազորային: Այդպիսին է նրանց աշխատանքի բնույթը: Մի շաբաթ կարող է միայնակ կանգնեն թագուհու պալատներից մեկի մոտ, իսկ մյուս շաբաթ մարտնչեն Թալիբանում կամ Աֆղանստանում: Նրանք միայն արտաքին տեսքի համար չեն այնտեղ, նրանք իրական բանակային պարտականություններ են կատարում, և երբ նրանք աշխատում են իբրև թիկնապահ, նրանք այնտեղ են պաշտպանելու համար և ոչ ուղղակի իբրև դեկորացիա:
3. Պառլամենտի բացումը

Բոլոր թագավորական միջոցառումների շարքում աչքի է ընկնում Պառլամենտի բացումը: Ամեն տարի Նորին մեծությունը հաճախում է Պառլամենտական շենքերը (Houses of Parliament)` կարդալով մի ելույթ, որում ամփոփված են հաջորդ տարվա ծրագրերը: Սրա կարևորությունն այն է, որ… Ճիշտն ասած` առանձնակի կարևորություն չկա: Սա ուղղակի միապետի իշխանության նշանակությունը շեշտելու ձև է:
2. Տիտղոսներ, տիտղոսներ…

Բոլորս էլ գիտենք, որ Վեյլսի արքայազնի տիտղոսը թագավորական ընտանիքի ժառանգներից առաջինի համար է, բայց մյուս տիտղոսներն էլ են պահված թագավորական ընտանիքի այլ անդամների համար: Օրինակ` Քորնվոլի դքսի տիտղոսը շնորհվում է միապետի ավագ որդուն, իսկ Յորքի դքսի տիտղոսը պատկանում է միապետի երկրորդ որդուն: Ներկայումս այս տիտղոսը պատկանում է արքայազն Էնդրյուին:
1. Շոտլանդիայի թագուհին

Շոտլանդիայում Նորին մեծության պաշտոնական նստավայրը Էդինբուրգի Հոլիռուդհաուսի պալատն է, սակայն նա ամեն տարի անցկացնում է այստեղ ոչ ավելի, քան մեկ տարի: Իսկ Բալմորալ Քասլում նա անցկացնում է վեց ամիս: