Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ ևս 14 սպանդանոց է պետք պարտադիր սպանդանոցային մորթի համար. ՍԱՏՄ-ից նշում են՝ «մեզ հետաքրքիր չէ՝ քանի սպանդանոց կա և ինչ խնդիր, կարգը մտել է ուժի մեջ»


21:28 , 2 հուլիս, 2020

Tert.am-ը գրում է․

Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը և ՍԱՏՄ-ն՝ որպես վերահսկող մարմին, սկսելու է վերահսկողությունն այդ ոլորտում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

«Մեր ամբողջ գործիքակազմով՝ և՛ մշտադիտարկումներով, և՛ ստուգումներով մտնելու ենք սպանդանոցներ, իրացման ցանց, հանրային սնունդ, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք օգտագործվում է սպանդանոցային ծագման միս, թե ոչ։ Բոլոր տեղերում՝ և՛ իրացման ցանցում, և՛ հանրային սննդի կետերում պետք է լինի միայն սպանդանոցային ծագման միս»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր բողոքի ակցիաների պատճառով։ Պարտադիր պայմանի կիրառումը Կառավարությունը հետաձգել էր 6 ամսով, քանի որ հանրապետությունում բավարար թվով սպանդանոցներ չկային և գործադիրը ցանկացողներին առաջարկել էր սպանդանոցներ կառուցել:

Հարցին, թե այժմ որքանո՞վ է հանրապետությունը պատրաստ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելուն, Անուշ Հարությունյանը պատասխանեց․ «Զուտ մեր՝ վերահսկողի, ոչ քաղաքականություն իրականացնողի դիրքերից եթե նայենք, մեզ հետաքրքիր չէ՝ քանի սպանդանոց կա և որտեղ ինչ խնդիր կա, մեզ հետաքրքիր է, որ կարգը մտել է ուժի մեջ հուլիսի 1-ից։ Մենք առայժմ մշտադիտարկումներով, որպեսզի հասկանանք ինչպիսին է իրավիճակը, հետո արդեն մնացած գործիքներով ստուգումներն անելու ենք, որտեղ որ չի լինի սպանդանոցային միս, տուգանքի, պատժամիջոցների խնդիր կառաջանա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ