Cosmo բաղադրատոմս. բացառապես բանջարեղենից


20:51 , 23 հուլիս, 2013

Cosmo բաղադրատոմս. բացառապես բանջարեղենիցCosmo.am-ը գրում է.

Մի քանի բաղադրատոմսեր, որոնք հիմնականում նվիրված են բանջարեղենին:

«Шопска салата» կամ ոչ հասարակ հասարակ աղցան

4 լոլիկ
4 վարունգ
5 տաքդեղ (2 կանաչ, 3 կարմիր)
150 գր ձիթապտուղ 
100 գր «Բրինզա» տեսակի պանիր
3 ճաշի գդալ բուսայուղ
2 ճաշի գդալ քացախ (ցանկալի է՝ բալզամիկ)
Աղ, կարմիր և սև պղպեղ

Պատրաստիր հասարակ ամառային աղցան, միայն թե կարմիր տաքդեղները նախապես խորովիր: Աղցանը համեմիր բուսայուղով, քացախով, աղով և պղպեղով: Վրան քերիր պանիր: Ահա և պատրաստ է: Ի դեպ, այս աղցանը շատ սիրված է Բուլղարիայում, որտեղ այն անվանում են «Шопска салата».

Բանջարեղենով տորթ

2 միջին չափի սմբուկ
4 տաքդեղ
4 լոլիկ
8 միջին չափի կարտոֆիլ
5 ձու
Բուսայուղ
Աղ

Այս ուտեստը արագ և հեշտ պատրաստելու համար անհրաժեշտ է լավ ջեռոց և ալյումինաթուղթ: Իսկ եթե ջեռոցդ լավը չէ, կարող ես բանջարեղենը առանձին-առանձին տապակել գազօջախի վրա:
Սմբուկները կտրատիր բարակ շերտերով, աղ ցանիր և թող մի քանի րոպե, որից հետո լավ լվա և քամիր: Կարտոֆիլները կտրատիր մանր խորանարդիկներով: Տաքդեղները նույնպես կտրատիր բարակ շերտերով: Տապակի մեջ ալյումինաթուղթ դիր և բուսայուղը տարածիր ամբողջ մակերեսին: Կտրատած բանջարեղենը մեկ շերտով շարիր տապակի վրա, կրկին բուսայուղ քսիր այնպես, որ բանջարեղենը ամբողջությամբ բուսայուղով պատվի: Տեղադրիր նախապես մինչև 250 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 15 րոպեով:

Ջեռակայուն խոր ամանի մեջ շերտերով շարիր նախ՝ կարտոֆիլը, հետո՝ սմբուկը, ապա՝ տաքդեղը: Կեղևազատիր և կտրատիր լոլիկը, շարիր տաքդեղի վրա։ «Տորթի» վրա լցրու հարած և աղով համեմված ձու և դիր այն ջեռոցի մեջ 10-15 րոպեով: Եթե սիրում ես համադրել բանջարեղենը պանրի հետ, նախքան ջեռոցը տեղադրելը կարող ես վրան դեղին պանիր քերել:

Մրգային «pie»

3 մեծ խնձոր
1-2 դեղձ
1 գունդ շերտավոր խմոր
50 գր կարագ
1 բաժակ շաքարավազ

Ջեռոցի համար նախատեսված խոր թավայի մեջ ալյումինաթուղթ դիր: Կարագը բարակ շերտերով շարիր թավայի մեջ, վրան շաքարավազ լցրու: Մրգերը շրջանաձև կտրատիր և մեկ շերտով խիտ շարիր թավայի մեջ: Գրտնակիր շերտավոր խմորը և դիր մրգերի վրա՝ ծայրերը սեղմելով այնպես, որ մրգերը մի քիչ մտնեն խմորի մեջ: Խմորը տեղ-տեղ պատառաքաղով ծակծկիր։ Թխիր 200-220 աստիճան տաքությամբ ջեռոցի մեջ 10-15 րոպե: Ջեռոցից հանելուց հետո շուռ տուր տորթը մեծ ափսեի մեջ: Մատուցիր պաղպաղակով: