Էդուարդ Աղաջանյանին պատկանող ակումբի դիմաց ծառայողական մեքենաները ոչ աշխատանքային ժամին կայանված են մայթին (Photo)


10:25 , 2 հուլիս, 2020

Շատ կարևոր բանի մասին եմ ուզում գրել։

Կան, չէ՞, էդպիսի մանրուքներ, սիմվոլիկ նշաններ, որոնք արտահայտում են երկրում տեղի ունեցող երևույթների խորքային կողմերը։

Ասենք՝ Մարտի 1-ի ողբերգությունը շատ մեծ էր, բայց կատարյալ լկտիություն էր դրանից 40 օր հետո Սերժի երդմնակալության օրը գունավոր օդապարիկներ երկինք բարձրացնելը, Քոչարյանի կառավարման տարիները հազար ու մի աղետ էին պարունակում, բայց հունից հանում էր կանգառներում աշխատավոր կանանց ջիպերով նվաստացնող պորճի լակոտների վարքը, Լևոնի կառավարման տարիների մասին հազար լուրջ բան կարելի է ասել, բայց կյանքում չի մոռացվի, որ աղքատ ժողովրդի վրա «ագնետուշիծել» էին ծախում ու չառնողին 50 դոլար տուգանում էին։

Այ հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին էլ հազար լուրջ քննադատություն կարելի է հնչեցնել, բայց կա նշանային մի բան, որը բնութագրում է պատահաբար աթոռին հայտնված մարդկանց դեգրադացիայի ամբողջ խորությունը։

Լուսանկարում կառավարական համարանիշներով մեքենաներն են՝ Էդուարդ Աղաջանյանին պատկանող ակումբի դիմաց, ՄԱՅԹԻՆ կայանված։ Ծառայողական մեքենաները ոչ աշխատանքային ժամին զվարճանքի օբյեկտի դիմաց կայանված են մայթին։ Ու նույն տեսանյութում, որից վերցված են այս լուսանկարները, կա մի քանի դեպքի արձանագրություն, որ հաճախորդներին մասսայաբար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, իսկ ով բողոքում է, առաջարկում են «հյուրասիրություն»․ սա անում են՝ ի հեճուկս վարչապետի՝ գիշեր-ցերեկ տարվող պրոպագանդայի, որ ՀԴՄ չտպելը բանակ թալանելուն հավասար բան է, սա անում են՝ ի հեճուկս այն փաստի, որ հասարակ մարդկանց օբյեկտները բանսարկությամբ փակում են հարկային տեսուչները։

Սա հանցանք չէ, սա դատվելու բան չէ, բայց սա քաղաքական դեգրադացիայի ու քաղաքական վախճանի սկիզբն է։ Նիկոլ Փաշինյանի զինակիցներն ասեղներով մտել են նրա քաղաքական հեղինակության երակն ու հարբեցողության մեջ են։

Պարո՛ն վարչապետ, ես գիտեմ, որ Ձեզ տեղեկանքներ են ուղարկում իմ ու այլ մարդկանց գրառումների վերաբերյալ և ուղարկում են մի քանի կառույցներից, հետևաբար հետայսու համոզված եմ, որ Դուք տեղյակ եք սրա մասին։ Հանե՛ք այս մարդուն, որովհետև այն, ինչ ինքն է անում, մտածողություն է, իսկ դա սաստելով կամ տուգանելով չեք փոխի, հանեք նրան իր այս կոմֆորտ կարգավիճակից ու ուղարկեք այնտեղ, որտեղ կար մինչև 2018-ի ապրիլը, հակառակ պարագայում ես սա ընկալելու եմ որպես հովանավորչություն։ Չէ՞ որ Քոչարյանն էլ անձամբ փողոցներում լկտիություններ չէր անում։