Մեկ որդու երկու մայրերը. պատմության միակ դեպքը, երբ սիամական երկվորյակները կարողացել են երեխա լույս աշխարհ բերել


21:00 , 1 հուլիս, 2020

Այս արտասովոր պատմությունը տեղի է ունեցել երկու քույրերի՝ Ռոզա և Ժոզեֆա Բլաժեկների հետ, ովքեր սիամակայն երկվորյակներ էին: Սիամական են համարվում այն զույգերը, որոնք ոչ ամբողջությամբ են առանձնացել սաղմնային փուլի ընթացքում և ունեն ընդհանուր մարմնի մասեր կամ ներքին օրգաններ։

1878 թ. հունվարին Բոհեմիայում լույս աշխարհ եկան սիամական երկվորյակներ Ռոզան և Ժոզեֆան, որոնց ծնունդը սարսափի մատնեց ծնողներին: Մայրն անգամ հրաժարվեց կերակրել սեփական երեխաներին՝ հուսալով, որ այդ կերպ աղջիկները կմահանան սովից:

Սակայն ժամանակն անցավ, աղջիկները մեծացան: Նրանք սովորեցին երաժշտական գործիքներ նվագել, պարել՝ յուրաքանչյուրն իր զույգի հետ:

Երբ քույրերը 13 տարեկան էին, ծնողները նրանց տարան Փարիզ՝ հույս ունենալով, որ այնտեղ կկարողանան առանձնացման վիրահատություն կատարել: Սակայն ֆրանսիացի բժիշկները հայտնեցին ծնողներին, որ նման վիրահատություն կատարելն անհնար է, քանի որ ստամոքսը, արտաքին սեռական օրգանները, աղիներն ու հետանցքը քույրերի մոտ ընդհանուր էին:

Սակայն դեպի Փարիզ ուղևորությունն իր դրական կողմերն ունեցավ. Ռոզան ու Ժոզեֆան մենեջեր ձեռք բերեցին, որի օգնությամբ իրական աստղեր դարձան Ֆրանսայում, Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում:

Ռոզան ու Ժոզեֆան, բնականաբար, սկսեցին հետաքրքրվել հակառակ սեռի ներկայացուցիչներով: Ռոզայի ընտրյալը դարձավ գերմանացի սպա Ֆրանց Դրորակը, ով անգամ համաձայնեց գրանցել ամուսնությունը, սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ սիամական քույրերից թեկուզ մեկի հետ ամուսնությունը բազմակնություն էր համարվում: Սակայն, չնայած դրան, Ռոզա Բլաժեկը 1910 թ. առողջ որդի ծնեց՝ անվանելով նրան սիրելիի պատվին: Իսկ Ֆրանցը զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջնագծում:

Այս դեպքն անգամ մեր օրերում համարվում է սիամական երկվորյակների միակ հաջողված հղիությունը:

Դեմ առնելով նյութական խնդիրների՝ քույրերը ստիպված եղան փոքրիկ Ֆրանցին ներառել իրենց «Մեկ որդու երկու մայրերը» համարում: Շրջելով ողջ Եվրոպայում՝ քույրերն այնուհետև նվաճեցին Ամերիկան: 1921 թ. արտասովոր ընտանիքը հիմնվեց Չիկագոյում, սակայն մի քանի ամիս անց Ժոզեֆան հիվանդացավ դեղնախտով: Բուժվելու հույս չկար, այդ իսկ պատճառով բժիշկները քույրերին առաջարկեցին վիրահատվել և փորձել փրկել Ռոզային: Սակայն Ռոզան հրաժարվեց՝ ասելով. «Եթե նա պետք է մահանա, ապա ես ևս ցանկանում եմ մահանալ»:
Սիամական Բլաժեկ քույրերը մահացան Չիկագոյում 1922 թ. մարտի 30-ին 15 րոպե տարբերությամբ: