Ռիո դե Ժանեյրոյում Հռոմի պապի նստավայրը կպաշտպանեն վայրի կապիկներից


14:33 , 23 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյում Հռոմի պապի անվտանգության ու հանգստության համար պատասխանատու մարդկանց պարտականություններին ավելացել է ևս մեկը, գրում է ITAR-TASS-ը:

Ասունսյոնի նստավայրում, որտեղ տեղավորվել է Հռոմի պապը, հարկավոր է մշտապես հետևել, որ շինության պատուհանները մարդկանց բացակայության դեպքում փակ լինեն: 

Բանն այն է, որ նստավայրը բոլոր կողմերից շրջապատված է արևադարձային բուսականությամբ, որտեղ բնակվում են կապուցին տեսակի շատ կապիկներ: 

Նրանք սովոր են իրենց պահել որպես մանր գողեր ու բաց չեն թողնում շինություններ մտնելու և համեղ ուտելիք որոնելու հնարավորությունը:

Իր համեստությամբ աչքի ընկնող Հռոմի պապը հրաժարվել է «Կոպակաբանա Պալաս» շքեղ հյուրանոցի խոհարարներից ու նախընտրել է, որ իրեն ուտելիք մատուցեն միանձնուհիները, որոնք ապրում են Սումարայի կաթոլիկ ուսումնական համալիրում: