ՀՀ նախագահի՝ «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունները չստորագրելու վերաբերյալ հայտարարությունը «կանաչ լույս է» Արարատ Միրզոյանի համար՝ հերթական անգամ խախտելու Սահմանադրությունը. Արփինե Հովհաննիսյան


21:59 , 30 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունները չստորագրելը պետք է դիտարկել այն տրամաբանության մեջ, որն ի սկզբանե ուրվագծվում էր, որպես հակաիրավական և հակասահմանադրական։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի աշխատակազմի տարածած տեղեկատվությանն առ այն, որ նախագահը այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

«Մամուլում նույնիսկ տեղեկություն շրջանառվեց, որ Արմեն Սարգսյանն իշխանություններին ի սկզբանե տեղեկացրել է, որ ինքը չի ստորագրելու սահմանադրական փոփոխությունները, և այդ ֆարսի իրականացման համար նա անգամ զիջեց սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իր իրավունքը, հրաժարվեց դրանից: Բայց պարզվեց, որ իշխանությունները կոպտագույն սխալ են թույլ տվել և չեն արել փոփոխություն «Սահմանադարկան դատարանի մասին օրենքում»: Մինչդեռ «ՍԴ-ի մասին օրենքում» փոփոխությունը Սահմանադրության մեջ կատարված սահմանադրական փոփոխություների տրամաբամանական շարունակությունն է: Կարծում եմ ՝ Արմեն Սարգսյանի արածը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության  մեջ: Նա պարզապես հրաժարվում է այս ամբողջ հակաիրավական պրոցեսին մասնակից լինելուց և իրավունք ունի չբացատրել, թե ինչու չի ստորագրում: Բայց մենք հասկանում ենք՝ պատճառը ինչն է․ նա չի ցանկանում մասնակից լինել սահմանադրական հեղաշրջմանը և ձեռքերը լվանում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ