Նոր Նորքի մանկապարտեզներում դիտարկվել են խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը. ԿՏՄ


18:09 , 30 հունիս, 2020
Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են: Այսօր կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:

Վերահսկողական գործընթացի շնորհիվ նկատվում է առավել պատասխանատու մոտեցում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ, արձանագրված թերությունների դեպքում՝ տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տրամադրում են խորհրդատվություն և տալիս համապատասխան ցուցումներ:

Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն: