Լուրեր են շրջանառվում, որ հաջորդ շաբաթ Ամուլսարում ինչ-որ գործողություն են նախապատրաստում հանքարդյունաբերողները


16:02 , 30 հունիս, 2020

Մենք մի ամիս առաջ գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․․․
Սա էլ մեր՝ մայիսի 27-ի հայտարարությունը․

«Լուրեր են շրջանառվում, որ հաջորդ շաբաթ Ամուլսարում ինչ-որ գործողություն են նախապատրաստում հանքարդյունաբերողները, որի հիմնական տակտիկան է լինելու՝ բռնի գործողություններ հրահրել՝ դրանցում ներքաշելով Ամուլսարի պահապաններին, դրանով հիմնավորել ոստիկանական միջամտությունը և ճանապարհ բացել Ամուլսարի մոտ հանքային տեխնիկա տեղափոխելու համար:

Ամուլսարի պայքարը ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ուղիղ գործողություն է: Այս մասին գրվել է նաև Հավաքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցում, ով շեշտել է, որ այս պայքարը սադրանք, պրովոկացիա կամ այլ բիզնեսների շահերի պաշտպանություն չէ, այլ մաքուր բնական միջավայրում ապրելու մարդկանց հիմնարար իրավունքի պաշտպանության համար մղվող խաղաղ հավաք: Արդեն երկու տարի մեծ զրկանքների գնով ու հսկայական նվիրվածությամբ Ամուլսարի պահապանները պաշտպանում են բոլորիս առողջությունն ու կյանքը:

Ամուլսարի պահապանների մեջքին կանգնած է գրեթե ողջ Ջերմուկ համայնքը և տասնյակհազարավոր մարդիկ ամբողջ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին են փաստում մոտ 3000 ստորագրություններով հանրագիրը, բազմամարդ ակցիաներն ու հսկայական աջակցությունը, որ այս պայքարին ցույց են տալիս գիտակից մարդիկ:

Հուսով ենք, որ սադրանքի կազմակերպիչները կբացահայտվեն, և նրանց գործողությունները կկանխվեն: Ակնկալում ենք նաև բազմաթիվ իրավախախտումների ու կեղծիքների վրա հիմնված այս նախագծի վերջնական դադարեցում ՀՀ կառավարության կողմից:

#Ամուլսար #Amulsar #SavedAmulsar